Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բրազիլիայի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Շնորհակալություն հայտնելով դեսպան Մոնտեյրոյին Հայաստանում պաշտոնավարման անցած տարիներին կատարած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար՝ Հանրապետության նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ այդ ժամանակահատվածն աչքի է ընկել տարբեր ոլորտներում հայ-բրազիլական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններով: Նախագահի գնահատմամբ, դեսպանին հաջողվել է բրազիլական հարուստ և բազմազան մշակույթը լավագույնս ներկայացնել Հայաստանում և մշակույթի միջոցով ևս նպաստել երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Սերժ Սարգսյանը դեսպան Մոնտեյրոյի դիվանագիտական առաքելության շրջանում առանձնացրել է հատկապես երկու հիշարժան իրադարձություն՝ Հայաստանի և Բրազիլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որը, նախագահի համոզմամբ, լավ առիթ էր մեկ անգամ ևս ընդգծելու հայ-բրազիլական հարաբերությունների ջերմությունն ու ամրությունը: Նախագահ Սարգսյանը երկկողմ բարեկամության խորացման ևս մեկ նշանակալի իրադարձություն է համարել 2015թ. Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Զրուցակիցները երկուստեք ջերմությամբ են հիշել 2016թ. նախագահ Սերժ Սարգսյանի Բրազիլիա կատարած այցը և հանդիպումը նախագահ Միշել Թեմերի հետ:

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոյին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ Հայաստանում Բրազիլիայի հաջորդ դեսպանը կշարունակի պարոն Մոնտեյրոյի հիմնադրած բարի ավանդույթներն ու իր նպաստը կունենա երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:

Բրազիլիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության, ինչպես նաև իր գործունեությունը բարձր գնահատականի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ իր համար մեծագույն հաճույք և պատասխանատվություն էր աշխատել հնամենի պատմություն և հարուստ մշակույթ ունեցող հյուրընկալ Հայաստանում, որտեղից հեռանում է հրաշալի տպավորություններով:

Տեսանյութեր

Լրահոս