«Տրանսպորտի նախարարությունը շոկի է ենթարկում ոլորտը». Սերգեյ Գյոզալյան

«Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանը միակ երկիրն է, որ բարձրացրել է աջակողմյան ղեկով մեքենաների խնդիրը. «Գերմանիայում և ԱՄՆ-ում մեքենայի լուսացույցների երկու պարզագույն փոփոխություն է արվում, ոչ թե ղեկի։ Որ որևէ կառավարություն պահանջի, որ ղեկերը տեղափոխեն, նման բան որևէ երկրում չկա»։

Նա նշեց, որ ԵՏՄ երկրներում գործում է տեխնիկական անվտանգության ռեգլամենտ, որը սահմանափակում է աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը, բայց խոսքը միայն ավտոբուսի և միկրոավտոբուսների մասին է. «Սա և Տրանսպորտի նախարարության՝ տաքսիների լիցենզավորման նախաձեռնությունը, մի շղթայի  օղակներն են, առնչություն չունեն տրանսպորտի ոլորտի կարգավորման հետ, երթևեկության անվտանգության հետ։ Շուկայից ուզում են դուրս մղել անհատ տաքսի վարորդներին, աջակողմյան ղեկով մեքենաները, և շուկայի խոշոր խաղացողների համար տեղ բացել»։

Երկու-երեք տարին մեկ, ըստ նրա՝ Տրանսպորտի նախարարությունը շոկի է ենթարկում ոլորտը. «Հազարավոր մարդկանց ճակատագրի հետ են խաղում, չի կարելի այդպես վարվել: Եթե դուք պետական կառավարման մարմին եք, պետք է հասկանաք լիցենզավորման իմաստը։ Լիցենզավորման հիմնական իմաստը նա է, որ պետական մարմինը կարողանա այդ ոլորտը վերահսկել, ապահովել տեխզննումը, վերահսկել վարորդի վիճակը։ Եթե դու չես անում այդ ամենը, ինչո՞ւ ես ընկնում այդ վարորդների հետևից, այդքան տուգանում։ Հիմա ուզում են պլանշետներն ու բջջային հեռախոսները որպես չափման միջոց ընդունել։ Սա անգրագիտություն է ուղղակի։ Հայաստանը միջազգային կազմակերպությունների անդամ է, ունի պարտավորություններ.  չափագրությունը պետք է վերահսկողության ենթարկվի, իսկ պլանշետները չեն կարող վերահսկվել»։

Նա հավելեց. «Ես չեմ զարմանա, եթե Տրանսպորտի նախարարությունն օրենք հանի, որ ամեն առավոտ տաքսու վարորդները պետք է ձու ուտեն, և այդ ձուն պարտադիր պետք է սուր կողմից կոտրեն։ Նույն կերպ օրենք են հանում՝ ոչ մի բանով չհիմնավորված։ Նրանց նպատակն է՝ մաքրել դաշտը միջին և մանր մեքենա ներկրողներից՝ խոշոր ներկրողների համար, ազատել դաշտն անհատ տաքսու վարորդներից, ավանդական տաքսի ծառայություններից։ Ինտերնետ տաքսի ծառայություններն ուզում են անհատ վարորդներին դարձնել իրենց վարձու աշխատողները։ Տրանսպորտի նախարարությունը խորամանկ է գործում»։

Տեսանյութեր

Լրահոս