Ի՞նչ միջոցներ են նախատեսվում մի շարք գերատեսչությունների համար 2018 թվականի բյուջեով
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե 2018 թվականին պետական բյուջեով մի շարք գերատեսչություններին ինչ միջոցներ են հատկացվելու:
Նա նշեց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նախատեսում է 16 բյուջետային ծրագրերի իրականացում. «Ընդհանուր առմամբ, միջոցները, որոնք նախատեսվել են 2018 թվականի համար, շուրջ 3 միլիարդ 22 միլիոն դրամ են: Այստեղ որոշակի աճ կա 2017 թվականի համեմատ՝ 430 միլիոն դրամի չափով»:
Ա. Ջանջուղազյանի խոսքով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարությանը 2018 թվականի բյուջեով նախատեսվել է 87.1 միլիարդ դրամի հատկացումներ: Նա նկատեց, որ այս ոլորտում հիմնական ծրագրերը ֆինանսավորվում են արտաքին աղբյուրներից, ընդամենը 3 ծրագիր է իրականացվում ներքին ռեսուրսների հաշվին, գումարային առումով այն 722 միլիոն դրամ է կազմում 87.1 միլիարդ դրամի մեջ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության համար 2018 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է շուրջ 52, 6 միլիարդ դրամի միջոցների օգտագործում: Ա. Ջանջուղազյանն ընդգծեց, որ այս դեպքում նույնպես էական նշանակություն ունեն արտաքին միջոցներով ֆինանսավորվող ծրագրերը: Ըստ նրա՝ 35,5 միլիարդ դրամը արտաքին միջոցներով է, 17 միլիարդը՝ ներքին:
Փոխնախարարն ասաց, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին 2018 թվականի բյուջեով տրվելու է 810, 4 միլիոն դրամ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ 313.3 միլիոն դրամ, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեին՝ 3.8 միլիարդ դրամ, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը՝ 34.4 միլիարդ դրամ: