
Դե Միստուրան չի մասնակցում Սիրիայի շուրջ Աստանայում ընթացող բանակցություններին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ բանակցորդ Ստաֆան դե Միստուրան չի մասնակցում արաբական հանրապետության իրադրության կարգավորմանը նվիրված Աստանայի յոթերորդ միջազգային հանդիպմանը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:
«Ես կարող եմ հաստատել, որ Ստաֆան դե Միստուրան չի մասնակցելու բանակցություններին: ՄԱԿ-ը ներկայացված է այլ աշխատակցով»,-տեղեկացրել է դիվանագետը:
Ավելի վաղ Ղազախստանի ԱԳ նախարարությունում հայտնել են, որ Սիրիայի շուրջ Աստանայի գործընթացի բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունն առաջիկա բանակցություններին: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայինը՝ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանինը՝ արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին: Առաջիկա հանդիպմանը նաեւ կմասնակցեն Սիրիայի կառավարության եւ սիրիական ընդդիմության պատվիրակությունները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ Հորդանանի ներկայացուցիչները՝ որպես դիտորդներ: