Կատարի Էմիրը նշել է իր երկրի շուրջը ծագած հակամարտության պատճառը
Պարսից ծոցի երկրները Կատարի հետ առճակատման մեջ են մտել նրա անկախ դիրքորոշման պատճառով եւ ձգտում են երկրի վարչակարգի փոփոխման, բայց Կատարը երբեք չի հրաժարվի իր անկախությունից, թեեւ ցանկանում է, որ հակամարտությունը լուծվի: Այդ մասին հայտարարել է Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին:
«Նրանց դուր չի գալիս մեր անկախությունը, տարածաշրջանի զարգացման՝ մեր սեփական տեսակետը»,- ասել է նա ԱՄՆ-ի CBS ալիքի «60 րոպե» ծրագրի շրջանակներում կայացած հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ իր ընդդիմախոսներին դուր չի գալիս, մասնավորապես, ժողովրդավարության ձգտումը, նաեւ այն, որ Կատարն աջակցում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին:
Հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ, եւ դադարեցրին նրա հետ ամեն տեսակ հաղորդակցություն: Ալ Թանին հերքել է այդ մեղադրանքները եւ հայտարարել, որ իր համար «ցնցում էին» դրանց վերաբերյալ լուրերը:
Հոկտեմբերի 29-ին ավելի վաղ Բահրեյնի արտաքին գործերի նախարար Խալեդ բեն Ահմեդ Ալ Խալիֆան առաջարկել է սառեցնել Կատարի անդամակցությունը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: