Բաժիններ՝

Ուզբեկստանում թուրքական զրահամեքենաներ կարտադրվեն

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության «Nurol Makina» ընկերության և ուզբեկական «UzAuto» ընկերության միջև Ուզբեկստանում թուրքական զրահամեքենաների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ համաձայնագիր է կնքվել: Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ համաձայնագիրը նախատեսում է 1000 հատ թուրքական «Ejder Yalçın» զրահամեքենայի արտադրություն:

Ուզբեկստանի նախագահ Շեֆքաթ Միրզիյոևի Թուրքիա կատարած այցի ընթացքում կնքված համաձայնագիրը նախատեսում է նաև 24 պատրաստի զրահամեքենայի գնում: Կնքված փաստաթուղթը հնարավորություն է տալիս Ուզբեկստանում արտադրված մեքենաները վերավաճառել նաև 3-րդ երկրներին: Նշվում է, որ հետագայում թուրքական զրահամեքենայի այլ մոդելներ ևս կարտադրվեն Ուզբեկստանում:

Ըստ աղբյուրի թուրքական ընկերությունից բացի Ուզբեկստանում արտադրություն կազմակերպելու մրցույթին մասնակցել են նաև ռուսական և չինական ընկերություններ սակայն նախապատվությունը տրվել է «Nurol Makina»-ին:

Նշենք, որ Nurol Makina ընկերությունը MRAP դասի Ejder Yalcın զրահամեքենան առաջին անգամ ներկայացրել է 2012-ին: 14 տոննա զանգվածով մեքենան տեղավորում է 11 մարդ:

2014 թվականին զանգվածային արտադրության առաջին 11 միավոր Ejder Yalcın մեքենաները ընդունվել են Թուրքիայի ոստիկանության սպառազինության շարքեր, իսկ 2016-ի օգոստոսին Թուրքիայի զինված ուժերը պատվիրել են 50 միավոր զրահամեքենա:

Մինչ այս պահը թուրքական արտադրության Edjer Yalçin զրահամեքենաներ պատվիրել և ստացել է  Թունիսը (70 միավոր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս