ԵՄ-ն չի դիտարկում նոր համաձայնագրի էներգետիկ հատվածը վերաբանակցելու հնարավորությունը

Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի տեքստը Եվրոպական միությունը հրապարակեց հոկտեմբերի 13-ին, հայ հասարակությունն ու փորձագիտական հանրությունը դրական գնահատեցին:

Համաձայնագրի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդդիմախոսները, մի շարք փորձագետներ հանրային հնչեղություն և հետաքրքրություն ստեղծեցին մի ոլորտի շուրջ, որտեղ ԵՄ-ն հայկական կողմին այլընտրանքային մոտեցում է առաջարկում: Խոսքը համաձայնագրի էներգետիկ համագործակցության և ատոմային անվտանգության ոլորտի մասին է: Էներգետիկ համագործակցության մասին խոսվում է համաձայնագրի հինգերորդ մասում՝ «Համագործակցությանն առնչվող այլ քաղաքականություններ» բաժնի երկրորդ գլխի «Էներգետիկ համագործակցությունը՝ ներառյալ միջուկային անվտանգությունը» խորագրի ներքո:

Ըստ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ միջուկային անվտանգության հարցերը կարգավորվում են 42-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետով:

Ենթակետում նշվում է, որ համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի՝ «քաղաքացիական միջուկային էներգետիկայի հատված՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առանձնահատկությունները և կենտրոնանալով, մասնավորապես, միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) ստանդարտները և Եվրոպական միության ստանդարտներն ու փորձը, նաև՝ կենտրոնանալով միջուկային անվտանգության բարձր մակարդակների վրա՝ հիմք ընդունելով միջազգային ուղենիշներն ու փորձը»։

Այս ենթակետի համաձայն՝ ԵՄ-ՀՀ համագործակցությունը ենթադրում է առաջին հերթին՝ ապահովություն, անվտանգություն և թափոնների կառավարման ոլորտներում տեխնոլոգիաների, լավագույն գործելակերպերի փոխանակում և վերապատրաստում՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով, և երկրորդ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակում ու անվտանգ ապագործարկում և ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունում՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով:

Ըստ էներգետիկ հարցերով փորձագետների՝ համաձայնագրի այս հատվածը մտահոգիչ հանգամանքներ է պարունակում, ուստի մինչ դրա ստորագրումը, որը նախատեսվում է իրականացնել Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, հնարավոր է փոփոխել, վերաբանակցել փաստաթղթի 42-րդ հոդվածը:
168.am-ի եվրոպական աղբյուրների համաձայն՝ ԵՄ-ն ոչ մի դեպքում չի դիտարկի համաձայնագրի վերաբանակցման հարցը: Ըստ մեր աղբյուրի՝ ԵՄ-ն առանց այն էլ մեծահոգի է գտնվել Հայաստանի նկատմամբ այս համաձայնագրով և հայկական կողմերի սպասելիքներից ավելին է ներառել համաձայնագրում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՄ-ն համաձայնագիրը դիտարկում է՝ որպես ավարտված, և պատրաստ է դրա ստորագրմանը՝ ակնկալելով, որ հայկական կողմը ևս դրան պատրաստ է: Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ հայկական կողմը փաստաթղթի այդ հատվածը վերաբանակցելու խնդրանքով չի դիմել ԵՄ-ին, ուստի ԵՄ-ում նման հարց չեն դիտարկում և չեն դիտարկի:

Տեսանյութեր

Լրահոս