
Կատալոնիայի ղեկավարի գործառույթները կիրականացնի Իսպանիայի փոխվարչապետը

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը իր վրա է վերցրել Կատալոնիայի կառավարության ղեկավարի գործառույթները ներկայիս ղեկավար Կարլոս Պուդչեմոնի փոխարեն եւ դրանց պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Սորայե Սաենս դե Սանտամարիային: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղի պետական թերթին:
Իսպանիայի նախարարների խորհուրդը եւս ստանձնել է Կատալոնիայի կառավարական խորհրդի պարտավորությունները:
Ավելի վաղ, Կատալոնիայի խորհրդարանն Իսպանիայից անկախանալու վերաբերյալ բանաձեւ էր ընդունել, ինչից հետո Իսպանիայի իշխանությունները կիրառել են Սահմանադրության 155-րդ հոդվածն ու սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը: Կենտրոնական իշխանությունները նաեւ հայտարարել են Սահմանադրական դատարան դիմելու մասին, որպեսզի չեղարկեն Կատալոնիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը: