«Երբ ես Պետական կառավարման ակադեմիայում սովորում էի, պետական մագիստրոսական թեզի ժամանակ Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի նախագահն էր». Էդմոն Մարուքյան

«Երբ ես Պետական կառավարման ակադեմիայում սովորում էի, պետական մագիստրոսական թեզի ժամանակ Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի նախագահն էր: Քչերը 5 ստացան թեզի պաշտպանության ժամանակ, և այդ քչերից մեկը ես էի: Եվ հանձնաժողովի նախագահը Վիգեն Սարգսյանն էր, և նա տվեց ամենաշատ հարցերն ինձ: Երևի նա հիմա չի հիշում: Ես պաշտպանում էի «Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային իրավական մեխանիզմներ» թեմայով մագիստրոսական թեզը: Եթե հարցեր կային իմ անցած ճանապարհի վերաբերյալ, ապա Վիգեն Սարգսյանը չէր կարող ինձ 5 նշանակել մագիստրոսական թեզը պաշտպանելուց հետո»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հակադարձելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեղադրանքներին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Մարուքյանը նույն տարիներին բարձրագույն կրթություն  է ստացել և ծառայել, երբ այդ տարիներին հեռահար կրթություն չկար: «Իր բառապաշարն օգտագործելով՝ ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների արդյունքում է այդ արտոնությունը ստացել»,- ասել էր Վ.Սարգսյանը:

Է.Մարուքյանը հայտարարեց, որ ովքեր իշխանության մեջ օգտվել են տարկետման իրավունքից, նրանք պետք է դիսկոմֆորտի մեջ լինեն. «Բանակում չծառայած իշխանությունը եկել է, ասում է` բոլորը պետք է ծառայեն: 2000 թ.-ից Հանրապետական կուսակցությունը Հայաստանում իշխանություն է: Վիգեն Սարգսյանը ներկայացնում է ՀՀԿ-ն: 17 տարի իշխանություն են: Եթե մեկը ձևական է գիտությամբ զբաղվել, դա իրենց պատասխանատվությունն է, իրենց բեռն է: Եթե ինչ-որ մեկը փողով է գնացել գիտության թեկնածու դարձել, իրանց բեռն է: Այսինքն` կոռուպցիայի դեմ չեն պայքարել իրանք, կրթական համակարգն իրանք են հանրապետականիզացրել, որի արդյունքում ապականվել է: Այսինքն` իրանք որևէ արդարացում չունեն: Ինչ-որ ասում են` պրոբլեմ է, եկեք սենց լուծենք, այդ պրոբլեմն իրենց առաջացրած պրոբլեմն է: Իրանց իշխանությունն է արել: Հիմա փոխանակ այդ խնդիրները լուծեն, ասում են` բոլորին տանենք բանակ»:

Է.Մարուքյանի խոսքով` բանակի համալրման խնդիրն էլ է իշխանության խնդիրը, քանի որ 17 տարվա ընթացքում իրենց վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը բնակչության մի մեծ մաս կորցրել է, մարդիկ արտագաղթել են. «Մարդիկ ինչո՞ւ են արտագաղթում Հայաստանից: Կոռուպցիան, գիտության բացակայությունն իրենց խնդիրներն են, ԳԱԱ նախագահ են դրել մի մարդու, որ ասում է` երկիրը քոսոտ է: Ո՞ր հարցն է, որ իրենց գործունեության հետևանքը չի: Այսինքն` այն իրավիճակի մեջ, որ հայտնվել է այսօր պետությունը, դա ՀՀԿ գործունեության հետևանքն է: Եվ դա ուզում են վերացնել քիչ մարդկանց հաշվին»:

Է.Մարուքյանի կարծիքով` վտանգը հետևյալն է` այն մարդիկ, որոնք կրթության ճանապարհով գնում են բանակից ազատվելու, հիմա գնալու են առողջապահության միջոցով ազատվեն բանակից. «Նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ այն իշխանությունը, որ նմանատիպ խնդիրներ չի առաջացրել և ունի բավարար քաղաքական կամք, որ խնդիրը մի ոլորտից մյուսը չանցնի: Այս իշխանությունը դա չունի և դրա համար այս իշխանությունը նման ռեֆորմ չի կարող անել»:

Տեսանյութեր

Լրահոս