
Nissan-ն էլեկտրական արտաճանապարհային է ցուցադրել՝ արհեստական ինտելեկտով

Nissan ճապոնական ավտոմոբիլային ընկերությունը ցուցադրել է IMx արտաճանապարհայինի կոնցեպտը: Նորույթի տեսաշնորհանդեսը զետեղված է YouTube-ում մակնիշի պաշտոնական ալիքում։
Ամբողջովին էեկտրական շարժաբերով ավտոմեքենան հանդերձված է 430 ձիաուժ հզորությամբ ուժային կայանքով եւ մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչեւ 600 կիլոմետր: Արհեստական ինտելեկտի ProPilot համակարգը հնարավորություն է տալիս ավտոմեքենան կառավարել առանց վարորդի մասնակցության: Համակարգը միացնելիս ավտոմեքենայի ղեկը հավաքվում է սարքերի պանելի մեջ, իսկ սրահում նստարանները հետ են թեքվում:
Մեքենան նաեւ սարքավորված է էներգասպառման ինտելեկտուալ համակարգով. կայանման ժամանակ մեքենան կարող է կամ լիցքավորել իր մարտկոցները, կամ էլեկտրաէներգիայի ավելցուկը վերադարձնել ցանց:
Ավտոմեքենայի սերիական արտադրության պլանների մասին չի հաղորդվում: