«Էս ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել ՌԴ-ի հետ». Էդմոն Մարուքյանը՝ Վաչե Գաբրիելյանին

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գազի գնի վերաբերյալ հարցով դիմեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին:

Նա նկատեց, որ, երբ Հայաստանի խորհրդարանը վավերացրեց հայ-ռուսական գազային համաձայնագիրը, Հայաստանն իր վերջին 20 տոկոս բաժնեմասը հանձնեց «ՀայՌուսգազարդ», ու պարտավորվեցինք, որ մինչև 2043 թվականը չենք ընդունելու որևէ օրենք, որոշում, որոնք  կառնչվեն «ՀայՌուսգազարդի» համար սահմանված 20 տոկոս շահութահարկի դրույքաչափին, կամ, եթե նրանք վնասեն ՀՀ-ին, մենք որևէ հայց չենք ներկայացնի նրանց դեմ: Նա նկատեց, որ այն ժամանակ խորհրդարանում բոլորը խոսում էին, որ դրա դիմաց ռուսական կողմը չի թանկացնելու գազը: Դրանից հետո Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին, որից հետո, ըստ Մարուքյանի, նորից նույն խոստումները տրվեցին:

«Մեկ էլ երեկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանում հայտարարում է, որ մենք նման համաձայնության ենք հասել, որ գազը չի թանկանա մյուս տարվանից այն դեպքում, երբ նախապես այլ պայմանավորվածություններ կային, այլ նորմեր էինք կիրառելու, բայց, ի ուրախություն բոլորի՝ գազը չի թանկանալու: Հիմա ուզում եմ հասկանալ՝ էս ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, այսինքն՝ բանակցություններ են գնացել գազի թանկանալու մասին, բայց մենք չենք իմացել, ու հիմա մենք իմանում ենք,  որ այս անգամ չի թանկանում, բայց հնարավոր է՝ թանկանար»,- հայտարարեց Է. Մարուքյանը:

Ի պատասխան՝ Վաչե Գաբրիելյանն ասաց. «Այժմ մենք գազ ենք գնում 150 դոլարով, որը տարածաշրջանում ամենացածր գինն է, ու դա սահմանված է որոշակի ժամկետի համար, մենք երբևէ տասնամյակով գազի գին պայմանավորված չկանք: Մեզ հետ պայմանագիրը մինչև 2018 թվականն էր կնքված, հիմա երկարում է: Հիմա ընդամենը ֆիքսվում է, որ գազի գնի բարձրացում չի լինելու, որևէ պայմանագիր կամ համաձայնություն չկա: Կա ժամկետ, որը երկարացվում է»:

Է. Մարուքյանն այսպես արձագանքեց Վ. Գաբրիելյանի պատասխանին. «Մեր քաղաքացիներին ինչո՞ւ ճիշտը չեք ասում՝ ինչքան է գազի գինը, տան վառվող գազի գինը 150 դոլար չէ, այն կրկնակի է»:

Վ. Գաբրիելյանն ասաց, որ գազի գինը Հայաստանում չի բարձրացել ու 2018-ին բարձրանալու որևէ միտում չունի:

Տեսանյութեր

Լրահոս