Բաժիններ՝

Զինծառայողի ինքնասպանության գործով մեղադրանք է առաջադրվել համածառայողին

Երկրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ Հ.Ավետիսյանին հարվածներ հասցնելու, վիրավորելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հ. Ավետիսյանը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 17։20-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից իր կողմից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Ստեփանակերտի զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ համածառայակցին, ով պարտադիր ժամկետային զինծառայող է՝ շարքային, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով /երեք դրվագ/: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս