«Արդյոք նեղացնելով կոռուպցիայի կոկորդը, այդտեղից չեն շարունակելո՞ւ «պլստալ» այն բարձրաստիճան պաշտոնյաները, ում երեխաները չեն ծառայել և չեն ծառայելու բանակում»
ՀՀ զինված ուժերում ծառայության հարցը 1997թ-ից պարբերաբար Ազգային ժողովի օրակարգում է և լուծում չի ստանում: Այս մասին այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա մտավախություն հայտնեց` արդյոք այս նախագիծը լուծելո՞ւ է բանակում առկա կոռուպցիոն խնդիրը, արդյոք նեղացնելով կոռուպցիայի կոկորդը, այդտեղից չեն շարունակելո՞ւ «պլստալ» այն բարձրաստիճան պաշտոնյաները, ում երեխաները չեն ծառայել և չեն ծառայելու բանակում և որոնցից շատերը նստած են հենց ԱԺ դահլիճում.
«Ինձ համար ուղղակի նողկալի են ֆեյք հայրենասիրական ելույթները` լալահահառաչ տոներով: Չի կարելի, անհարմար է»:
Ըստ նրա` արտոնությունների համակարգից օգտվածները և բանակում չծառայածները որոշ նախարարների տեսնելիս սկսում են քծնել:
Ն.Զոհրաբյանի խոսքով` ամենամեծ խնդիրն այս համակարգում արդարության ճգնաժամն է, որ անխտիր բոլորի որդիները հավասար կանգնած չեն առաջնագծում.
«Ասպիրանտուրայում բոլորը բարձրաստիճանների զավակներ են և հետագայում գիտությամբ չեն զբաղվում: Օրենքի դանակով պետք է պայքարել կոռուպցիոն այս փեթակի դեմ: Պետությունը չի կարողանում պայքարել այս խնդրի դեմ և դիմում է օրենսդրական դանակին»:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ միշտ էլ կան օրենքից, Սահմանադրությունից վեր մարդիկ, որոնք գտնելու են լծակներ` օրենքն իրենց մերձավորների և իրենց համար շրջանցելու:
Սակայն, ըստ Ն.Զոհրաբյանի, բանակում կոռուպցիայի դեմ պայքարի դեմ, վիրահատականից բացի, այլ կերպ չի մնում և այս օրինագիծը չարյաց փոքրագույնն է: