«Լևոնն աջակցում է ինձ, և ես աջակցում եմ նրան. դա ինձ շատ հաջողակ է դարձնում». Արիանա Կաոլի

«Հաջողությունը կայուն բան չէ, դու չես կարող սահմանել այն, որովհետև քո կյանքի տարբեր տարիքներում երջանկությունը լրիվ տարբեր է»,- «Հաջողակ կանայք Հայաստանում» թեմայով հրավիրված հանդիպմանն ասաց միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ «Akron Consulting»-ի գործադիր գործընկեր, «Ճամփորդ» անվճար թերթի հիմնադիր Արիանա Կաոլին:

Նշենք, որ հանդիպումը, որը կազմակերպվել էր «New Technology Education Fund» բարեգործական հիմնադրամը՝ «Technology and Science Dynamics» ընկերության հետ համատեղ, տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին «Մերգելյան ակումբի» շրջանակներում:

Հաջողությունն այն մարդկանց քանակն է, որոնք ինձ ոգեշնչում են

Ա. Կաոլին նկատեց, որ սովորաբար շատ հաջողակ մարդիկ անում են բազմաթիվ սխալներ իրենց կյանքում, ու այդ սխալներն անելու ժամանակ դու քեզ հաստատ հաջողակ չես համարում. «Սկսած վաղ տարիքից՝ այն հիմնական բանը, որ ինձ ստիպել է երջանիկ և հաջողակ զգալ, ինձ շրջապատող մարդկանց քանակն է, որոնք կարող են ինձ ոգեշնչել: Այսինքն՝ ես չափում եմ հաջողությունն այն մարդկանց քանակով, ովքեր ինձ ոգեշնչում են, և որոնց ես եմ կարողանում ոգեշնչել: Այդ պահին դա ինձ համար հաջողություն է»:

Ազգի զարգացման երկու ցուցիչները

Նրա դիտարկմամբ՝ պատմության մեջ երկու երևույթ կա, որը ցույց է տալիս, թե ինչն է օգնում ազգին զարգանալ. կրթությունը և կնոջ հզորացումը.

«Կրթության առումով, կարծում եմ, Հայաստանը կատարյալ է, բոլորն ուզում են կրթված լինել: Բայց կնոջ հզորացման հարցը, կարծում եմ, ավելի շատ մենթալիտետի խնդիրն է: Ինչպես ես եմ հասկացել, կանանց մեծամասնությունն այստեղ մտածում է՝ կրթություն ստանա ու ամուսնանա: Այսինքն՝ ես լավ ընտանիքից եմ, լավ կրթություն եմ ստացել, ավելի շատ հնարավորություն ունեմ ամուսնանալու: Ես հավատում եմ, որ կինը, որն ունեի 6 երեխա և գեղեցիկ ընտանիք, հավասարապես հաջողակ է: Բայց ես կարծում եմ, որ այն մենթալիտետը, թե ինչի՞ համար են իրենք կրթություն ստանում, պետք է լինի այն, որ անեն ավելին, քան հիմա են անում:

Հիմնականում տղամարդիկ են գործատուները, ու իրենք էլ իրենց դերն ունեն այս գործընթացում, նրանք են որոշում կայացնողները: Եթե նրանք ընդունում են աշխատանքի միայն տղամարդկանց կամ միայն բարեկամներին, աշխատանքի վայրում կողմնակալություն է լինելու»:

«Աղջկա խոսքն ասնավանի չի»

Խոսելով Հայաստանում առկա գենդերային խնդիրների մասին՝ Ա. Կաոլին նկատեց, որ օրենքով գրված է, որ մենք բոլոր հավասար ենք, բայց, ըստ նրա, կա չգրված օրենք, որը գործում է. «Այս երկրում գրեթե բոլոր ոլորտներում կանայք չունեն հավասար ուժ, հավասար լսվելու, որոշում կայացնելու ժամանակ: Երբ տղամարդը խոսում է, բոլորը լսում են, երբ կինն է խոսում, ոչ ոք չի լսում: Հայերենի ժարգոնում նման արտահայտություն կա՝ «աղջկա խոսքն ասնավանի չի»: Նրանք կարող է՝ չասեն դա, բայց դու գիտես, որ դա են մտածում»:

Նա կարծում է՝ եթե Հայաստանի խորհրդարանի 50 տոկոսը կանայք լինեին, կրթության և առողջապահության բյուջեն կտրուկ կավելանար, որովհետև, նրա խոսքով, կանայք տարբեր են մտածում: Նա ընդհանրապես գտնում է, որ կանայք պետք է մեծ ներգրավվածություն ունենան երկրի քաղաքականության մեջ, որովհետև նրանք տղամարդկանցից լրիվ այլ կերպ են մտածում:

Ա. Կաոլին նշեց, որ կնոջ հաջողություններում մեծ դեր ունեն այն տղամարդիկ, ովքեր շրջապատում են նրան. «Ամենահաջողակ կանայք, որոնց ես գիտեմ, նրանք են, որոնք դեռ վաղ մանկությունից շրջապատված են շատ ուժեղ, աջակցող, ոգևորող տղամարդկանցով, դա կարող է լինել հայրը, հորեղբայրը, եղբայրը, նշանակություն չունի: Փոքր տարիքում, երբ քո կողքին կա տղամարդ, որը քեզ ասում է, որ դու VIP ես, քո ինքնավստահությունը շատ է մեծանում: Իսկ երբ դու ինքնավստահ ես, դու երբեք չես պարտվում»:

Լևոն Արոնյանը չի թողել, որ կինը լքի աշխատանքը

Անդրադառնալով կնոջ կյանքում հաջողությունների հասնելու ճանապարհին ամուսնու ունեցած դերի մասին՝ Ա. Կաոլին մի փոքր ներկայացրեց իր և Լևոն Արոնյանի հարաբերությունների մասին.

«Իմ ամուսինը հոյակապ, տաղանդավոր մարդ է: Երբ Լևոնն առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձավ, ես սկսեցի լացել ոչ թե՝ երջանկությունից, որ նա հաղթել է, այլ նրա համար, որ ես գիտեի, որ աշխարհում ոչ մեկը չէր հասկանում, թե ինչքան էր նա աշխատել դրան հասնելու համար: Անգամ հիմա՝ այդ մասին խոսելիս, ես հուզվում եմ:

Դուք չեք պատկերացնի նրա այդ ամիսների քրտնաջան աշխատանքը և այդ օրվա լարվածությունը, երբ ամբողջ երկիրը սպասում է քեզ: Այն, ինչ նա արեց, անհավատալի է: Նման մարդու հետ լինելու համար, բնականորեն, դու պետք է լինես շատ հնազանդ, միշտ նրա հետ լինես, և հիմնականում գրեթե բոլոր թոփ չեմպիոններն ունեն շատ աջակցող կանայք: Իմ դեպքում՝ ես չափից դուրս շատ եմ քննադատել նրան: Ես շատ անգամներ եմ Լևոնին ասել՝ ուզո՞ւմ ես՝ թողնեմ իմ աշխատանքը, և ես քեզ ամբողջությամբ կաջակցեմ:

Նա ինձ այսքան ժամանակ միշտ ասել է՝ «ոչ, ես ուզում եմ հաջողակ կին և ես կաջակցեմ քեզ այն ամեն ինչում, ինչ դու կանես, որովհետև ես ուզում եմ, որ դու հասնես քո պոտենցիալին, ու դա ամենալավ ձևն է, որ դու կարող ես ինձ աջակցել»: Նա կարող էր լինել յուրաքանչյուր կնոջ հետ, որի հետ ցանկանար, նա կարող էր հեշտորեն ունենալ հիանալի տան կին, բայց նա դա չէր ուզում, և ես շատ երջանիկ եմ դրա համար, որ նա աջակցում է ինձ, և ես աջակցում եմ նրան: Դա ինձ շատ հաջողակ է դարձնում»:

Ի՞նչ հարցի պատասխանել՝ ամուսին ընտրելիս

Ա. Կաոլին ամուսին ընտրելուց խորհուրդ է տալիս ոչ թե՝ հարց տալ ինքներդ ձեզ, թե ինչ եք ուզում տղամարդուց, այլ՝ թե ով եք ուզում դառնալ. «Դրա համար դու պետք է քեզ ճանաչես, ու երբ քեզ լավ ճանաչես ու կարողանաս գտնել մեկին, ով հավատում է նրան, ինչին դու ես հավատում, ու դու հավատում ես նրան, ինչին նա է հավատում, դուք կարող եք բանակցել: Բանակցությունը հաջողակ ամուսնության կարևոր բաղադրիչն է: Դու հաջողակ ամուսնություն չես կարող ունենալ, եթե լիքը մարդ չես: Հազարավոր մարդիկ են այսօր ամուսնանում, որոնք անգամ չգիտեն, թե իրենք ով են: Երբ նրանք չգիտեն, թե ով են, նրանց ամուսինները կարող են անընդհատ թելադրել նրանց, թե ինչ անեն: Ամուսնության մեջ դու անընդհատ տալիս ես, դա միայն վերցնել չէ»:

Տեսանյութեր

Լրահոս