Բաժիններ՝

««Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին գունավոր թղթեր և մատիտներ հանձնելն արգելելը հետապնդում է նրա նկատմամբ». Արայիկ Պապիկյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի ստեղծագործելու իրավունքը խախտված է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Ա. Պապիկյանի խոսքով՝ գտնվելով անազատության մեջ՝ Ա. Պետրոսյանը չի կարողանում իրացնել իր ստեղծագործելու իրավունքը. «Նրան արգելում են, որ իր մոտ ունենա ստեղծագործելու համար մի շարք պարագաներ, ընդ որում, դրանք այնպիսի պարագաներ են, որոնք արգելված չեն: Խոսքը վերաբերում է սովորական գունավոր թղթին, գունավոր գրիչներ, մոմամատիտներ, այնպիսի պարագաներ, որոնք որևէ իրավական ակտով պետք է արգելված լինեին: Արդեն տևական ժամանակ է՝ նա այդ պարագաները չի կարողանում ստանալ, և հարազատները չեն կարողանում փոխանցել»:

Փաստաբանը նկատեց, որ Քրեակատարողական օրենսգրքով՝ խրախուսվում է, և պետությունը ողջունում է հատկապես անազատության մեջ գտնվող անձանց ստեղծագործելու զբաղվածությունը.

«Օրենսգրքով դա խրախուսվում է, իսկ այդ կանոնակարգն անգամ արգելում է երաժշտական գործիքներ ունենալ: Ինչպե՞ս պետք է անձը ստեղծագործի, երբ նա երաժիշտ է ու երաժշտական գործիք չի կարող ունենալ, կամ նկարիչ է ու չի կարող մատիտներ ու գունավոր գրիչներ ունենալ»:

Ա. Պապիկյանը բողոք-դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին. «ՄԻՊ-ի աշխատակազմին գրավոր դիմել էին քրեակատարողական հիմնարկների վարչություն, որտեղից պատասխան էր ստացվել, որ Աշոտ Պետրոսյանին թույլատրվել է հասարակ մատիտների փոխանցումն այն դեպքում, երբ մենք հստակ նշել էինք գունավոր թղթերի և գունավոր մատիտների մասին»:

Նա ասաց, որ ինքը ՄԻՊ-ին դիմել է, որ խնդիրը բարձրացվի նաև կառավարությունում: Ա. Պապիկյանը կատարվածն առնվազն ապօրինություն է համարում, օրենքի և իրավական այլ ակտերի չիմացություն:

168.am-ի հարցին՝ արդյոք դա օրենքի չիմացությո՞ւն է, թե՞ Դուք նաև դիտավորություն եք տեսնում, Ա. Պապիկյանն այսպես պատասխանեց. «Գտնում եմ՝ և՛ օրենքի չիմացություն է, և՛ դիտավորություն: Դիտավորություն է, որովհետև Աշոտ Պետրոսյանը հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար, բոլորին հայտնի է, որ նա «Սասնա ծռեր» ապստամբ խմբի անդամներից մեկն է: Այս առումով՝ միանշանակորեն դա հետապնդում է: Իշխանության կողմից կա հիշաչարություն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս