Բաժիններ՝

Մերալ Աքշեները ներկայացրել է իր հիմնադրած նոր կուսակցությունը

Հայտնի թուրք կին քաղաքական գործիչ Մերալ Աքշեները, ով ակնկալվում է, որ Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում լինելու է Էրդողանի հիմնական մրցակիցը, ներկայացրել է իր հիմնած նոր կուսակցությունը, դրա գաղափարախոսությունն ու նպատակները: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Լավ կուսակցություն», իսկ կարգախոսը՝ «Թուրքիան լավ է լինելու»:

Ներկայացնելով իր կողմից ղեկավարվելիք կուսակցությունը՝ Աքշեները նշել է, որ ցանկանում է ավելի ժողովրդավար Թուրքիա տեսնել: Նա 2017 թվականի ապրիլի 16-ին երկրում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն «կեղտոտ» հանրաքվե է անվանել: «Ժողովրդավարությունը Թուրքիայում սպառնալիքի տակ է: Իշխանությունն ավելի վեր է դասում իրեն օրենքից: Այս իրադրությունը չի կարող շարունակվել»,- ասել է նա:

Որպես կուսակցության հիմնական նպատակ է նշել պահպանել հանրապետության հիմնադրման փիլիսոփայությունը, սակայն քայլել ժամանակին համընթաց, ապահովել հավասար հնարավորություններ բոլորի համար, պահպանել սեփականության իրավունքը, հարգել դավանանքի և խոսքի ազատությունը, հասնել արդար ու անկողմնակալ դատական համակարգի, պայքարել կաշառակերության դեմ:

Մերալ Աքշեները նախկինում եղել է «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև մեջլիսի փոխխոսնակի պաշտոնները:

Հեռանալով կուսակցությունից՝ նա հայտարարել էր նոր կուսակցություն հիմնելու մասին: Նրա քաղաքական ուժին միանալու պատրաստակամություն են հայտնել ազգայնական կուսակցության շարքերից հեռացած հարյուրավոր գործիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս