Սպաները հնարավորություն կունենան օգտվել մատչելի պայմաններով հիփոթեքային ծրագրից
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով հայկական զինված ուժերում ծառայող սպաները ծառայության ընթացքում մեկ անգամ կկարողանան օգտվել Հայաստանում գործող հիփոթեքային բոլոր առաջարկներից շատ ավելի լավ պայմաններով հիփոթեքային ծրագրից: ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Այստեղ հաշվարկն այնպիսին է, որ սպան ծրագրից օգտվելու դեպքում միայն մայր գումարն է մարելու, որովհետև տոկոսները սուբսիդավորվելու են պետության կողմից և եկամտահարկի վերադարձի միջոցով: Սպան 20 տարվա ընթացքում մարելու է միայն մայր գումարը, ընդ որում՝ մայր գումարի միայն 90 տոկոսը, որովհետև 10 տոկոս կանխավճարը հատուցելու է պաշտպանության նախարարությունը՝ իր ելքային նպաստի հաշվին»,- ասաց Վ. Սարգսյանը:
Նա հավելեց, որ սա մինչև հիմա ամենամատչելի հիփոթեքային ծրագիրն է, որը երաշխավորելու է, որ ծրագրին միանալու երրորդ-չորրորդ տարում սպան արդեն ունենալու է բնակարան և կարողանալու է այն լիարժեք տնօրինել: «Եթե սպան այլ վայրում է ծառայում, կարող է այդ բնակարանը վարձով տրամադրել և այդ գումարով մարել վարկի մայր գումարը: Իսկապես, շատ գրավիչ պայմաններ ենք առաջարկում»,- ասաց նա: