«Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա և′ Արևմուտքի, և′ Միացյալ Նահանգների, և′ Ռուսաստանի հետ». Ռիչարդ Միլս

Հարցազրույց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ

-Պարոն դեսպան, դուք կանգնած եք եղել նորանկախ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների հաստատման ակունքներում։ Ի՞նչ կարծիքի եք անկախության առաջին 25 տարիներին Հայաստանի անցած ճանապարհի մասին։

-Ես հպարտ եմ նրանով, ինչին կարողացել է հասնել մեր բարեկամ և գործընկեր Հայաստանը Միացյալ Նահանգների ներդրումների և աջակցության շնորհիվ այս վերջին 25 տարիների ընթացքում։ Դուք ճիշտ եք, իմ ողջ դիվանագիտական գործունեության ընթացքում Հայաստանը եղել է իմ ուշադրության կենտրոնում, մշտապես հետևել եմ հայաստանյան զարգացումներին, և կարող եմ փաստել, թե ինչպիսի երկար ճանապարհ է անցել Հայաստանը այս տարիների ընթացքում, ինչ ձեռքբերումներ է ունեցել հայ ժողովուրդը։ Այստեղ կա գործող բաց շուկայական համակարգ, որը զարգացել և կայացել է, ձևավորված է գործարար միջավայր, որը բաց է, և դա ինձ թույլ է տալիս, որ ես խրախուսեմ ամերիկյան գործարարներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում։

Կենսամակարդակը Հայաստանում 1990-ականների սկզբի համեմատ զգալիորեն փոխվել է, բարելավվել է։ Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել էներգետիկ, կրթական, առողջապահական համակարգերում։ Ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ասպարեզներում նույնպես Հայաստանը կայուն զարգացում է գրանցել։ Քաղաքացիական հասարակության կայունությամբ Հայաստանը կարող է հպարտանալ, քանի որ շատ ավելի լավ ու նպաստավոր պայմաններ են այստեղ ստեղծված, և քաղաքացիական հասարակությունը շատ ավելի ազատ տիրույթում է գործում, քան նրա շատ ու շատ հարևան երկրներում։ Սակայն կան նաև մարտահրավերներ, այդ մասին ևս ես առիթ եմ ունեցել խոսել, կան մարտահրավերներ, արգելքներ, որոնք թույլ չեն տալիս, որ Հայաստանն ամբողջությամբ իրացնի իր ներուժը։

Կարդացեք նաև

– Հատկապես ի՞նչն է, Ձեր կարծիքով, խոչընդոտում Հայաստանի առավել դինամիկ զարգացումը։

– Մարդիկ, որոնց հետ ես խոսում եմ՝ ամերիկացի ներդրողներ, գործարարներ նաև՝ տեղացիներ, ընդհանուր առմամբ հաշվետվողականության բացակայության խնդիրն են առաջ քաշում։ Կա այն ընկալումը, թե հասարակության մեջ չկան հավասար պայմաններ։ Խոսքը դատական համակարգից կամ պետական ծառայություններից օգտվելու դեպքերին է վերաբերում։ Եթե այլ բառերով սա բնորոշենք, դա թափանցիկության բացակայության կամ կոռուպցիայի առկայության խնդիրն է։ Բայց, միևնույն ժամանակ, կան նաև հուսադրող հանգամանքներ։

Օրինակ, այն հանգամանքը, որ ուր էլ որ գնաս, մարդկանց շրջանում չկա այն դիմադրությունը, թե «պետք չէ մեզ օգնել կոռուպցիայի դեմ պայքարում, մի պարտադրեք մեզ ձեր արժեքները»։

Դա նշանակում է, որ հասարակությունը նույնպես ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ։ Այլ երկրներում հաճախ հանդիպում ես այնպիսի իրավիճակի, երբ մարդիկ ասում են՝ «մեզ մոտ այսպես է ընդունված, և մենք չենք ցանկանում դրանից հրաժարվել»։ Հայաստանում չկա այդպիսի միջավայր, և դա, կարծես, անհրաժեշտ ջանքերի 80 տոկոսն է, ինչը շատ արժեքավոր է։

Ես կարծում եմ, որ այդ հարցում նաև մենք ենք դեր ունեցել։ Աջակցելով, աշխատելով տարբեր կազմակերպությունների, պաշտոնյաների, քաղհասարակության և այլ օղակների հետ՝ մենք կարողացել ենք հասնել այս իրադրությանը։ Երկուսուկես տարի առաջ, երբ ես Հայաստան ժամանեցի, շատ մտահոգիչ էր ինձ համար այն փաստը, որ չկար վստահություն ընտրական համակարգի նկատմամբ, և մարդիկ չէին հավատում, որ հնարավոր է քվեարկության միջոցով ինչ-որ բան փոխել։

Աշխատելով կառավարության, նախագահ Սարգսյանի, վարչապետի հետ՝ ես ուզում եմ նաև փաստել, որ նրանք նկատել են այդ հանգամանքը, և հենց նրանք էին, որ դիմեցին Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությանը, Եվրամիությանը՝ խնդրելով միջոցներ առաջարկել՝ 2017 թվականի ընտրությունների նախաշեմին վստահության ճգնաժամը մեղմելու նպատակով։

Մենք աշխատեցինք կառավարության հետ, աշխատեցինք ընդդիմության հետ, նաև կառավարությունն ու ընդդիմությունը միմյանց հետ համագործակցեցին՝ նոր կանոնների, նոր ընտրական օրենսդրության ձևավորման շուրջ, ապա քայլեր իրականացվեցին նոր գործընթացների ձևավորման ուղղությամբ, ինչպես օրինակ, կենսաչափական տվյալների պահանջը, նաև ստորագրված ընտրացուցակները հրապարակելու դրույթը կիրառվեց։

Դրանք մասամբ փակում էին այն պահանջները, որոնք առաջ էին քաշվում ընդդիմության կողմից։ Եվ միջազգային հանրությունն էլ, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունն էլ, Եվրամիությունն էլ կարողացան արագ արձագանքել ու աջակցել, ինչի արդյունքում քվեարկության օրվա աշխատանքները, դրանց կազմակերպումը բավականին լավ իրականացվեցին։ Արդյունքը եղավ այն, որ քվեարկության ընթացքն ընդունվեց բոլորի կողմից՝ թե′ ընդդիմության, թե′ կառավարության։ Կարծում եմ, նաև Հայաստանի քաղաքացիներն էլ ընդունեցին, որ քվեարկության օրն ամեն ինչ եղավ ճշգրիտ և արդար։

Սակայն քվեարկությանը նախորդող ժամանակահատվածում, անշուշտ տեղի ունեցան երևույթներ, որոնք անընդունելի էին՝ ընտրակաշառքների հետ կապված դեպքեր, աշխատողների նկատմամբ ճնշումներ, որոշ թեկնածուների օգտին քվեարկելու պարտադրանք։ Դրանք բոլորը խիստ մտահոգիչ հարցեր էին։

Մենք, բնականաբար, այդ խնդիրների վերաբերյալ հանդես եկանք հայտարարություններով, սակայն ուզում եմ նշել, որ այս վերջին ժամանակահատվածում նկատելի է, որ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվում այդ երևույթները կարգավորելու ուղղությամբ, օրենքներ են մշակվում, որոնք առնչվում են ընտրական կաշառքներին, ընտրողների նկատմամբ ճնշումների հարցերին։ Ուրախալի կլինի, եթե այդ օրենքներն ընդունվեն և առավել քան ուրախալի կլինի, եթե այդ օրենքները կյանքի կոչվեն։

Եվ ես դրականորեն եմ տրամադրված։ Իհարկե, հաշվետվողականության, թափանցիկության մեծացման ուղղությամբ քայլերը պետք է շարունակվեն, մենք որոշակի դրական տեղաշարժեր ապրիլին տեսել ենք, դրանք պետք է շարունակվեն, քանի որ դա այն է, ինչին հայաստանյան հասարակությունը ձգտում է։

-Արտաքին քաղաքական կողմնորոշման առումով, Ձեր կարծիքով, ի՞նչ ձգտումներ ունի հայաստանյան հասարակությունը։ Դեպի Արևմո՞ւտք է արդյոք այդ կողմնորոշումը, և հնարավո՞ր է արդյոք դրա իրականացումը աշխարհաքաղաքական ներկա իրադրությունում։

-Շնորհակալ եմ այս հարցի համար։ Շատերն են այս նույն հարցն ինձ ուղղում, և ես ուզում եմ, որ Արեւմուտքի, իր անմիջական հարեւանների եւ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նկատմամբ մեր դիրքորոշումը լինի հստակ։ Հայաստանը պետք է ամուր կապեր ունենա հնարավորինս մեծաթիվ երկրների հետ։ Հայաստանը դժվարին հարևանության մեջ է գտնվում, և հնարավորինս շատ երկրների հետ ամուր կապեր ունենալը անչափ կարևոր է։

Մենք Միացյալ նահանգներում հասկանում ենք, որ Հայաստանը պետք է ամուր հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Դա ունի իր պատմական հիմքերը, աշխարհագրական և տնտեսական կապեր կան երկու երկրների միջև։ Երբեք խնդիրն այնպես չի եղել, որ պետք է կամ այս ուղղությամբ գնալ, կամ գնալ միայն մյուս ուղղությամբ։

Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա և′ Արևմուտքի, և′ Միացյալ Նահանգների, և′ Ռուսաստանի հետ։ Այդ հարաբերությունները մեկը մյուսին չեն բացառում։

Անկեղծորեն ասեմ՝ Հայաստանը պետք է տարածաշրջանում փորձի առավել բարելավել հարաբերություններն իր անմիջական հարևանների հետ՝ Վրաստանի, Թուրքիայի, ինչ-որ մի պահի՝ Ադրբեջանի հետ։ Սկզբում դուք հարցրիք՝ արդյոք Հայաստանը իր ներուժն ամբողջությամբ է իրացրել՝ լինի տնտեսական զարգացման, թե՝ ժողովրդավարության զարգացման ասպարեզներում։ Շատ ու շատ խնդիրներ նաև պայմանավորված են Լեռնային Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելու հանգամանքով, կոռուպցիայի խնդիրը կա, ազգային անվտանգության խնդիրը կա։ Եվ ես կուզենայի, որ Հայաստանը կարողանար կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Հասկանում եմ, որ դա դժվար գործ է՝ երկուստեք փոխզիջումներ է պահանջում։

– Մի առիթով Դուք ասել եք, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնն ամենալավ պաշտոնն է աշխարհում։ Դա նշանակում է, որ դուք այստեղ Ձեզ լավ եք զգում։ Իսկ ինչպե՞ս է իրեն զգում Հայաստանում ամերիկյան բիզնեսը։ Դուք հրավիրում եք գործարարներին այստեղ ներդրումներ կատարելու։ Սակայն գալի՞ս են արդյոք նրանք այստեղ։

-Երբ ես մինչ Հայաստան գալը հանդիպեցի ինձ նախորդող դեսպանին՝ պարոն Ջոն Հեֆֆերնին, նա ասաց․ «Դու կսիրես այս գործը, դա աշխարհի ամենալավ գործն է»։ Ու չսխալվեց։ Ինձ համար պատիվ է լինել Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում, ներկայացել Միացյալ Նահանգները՝ այդ մեծ տերությունը, որն ունի նաև մեծ պատասխանատվություններ աշխարհում։ Հայաստանում, այս հնամենի երկրում, մենք շատ բան ունենք սովորելու հայ ժողովրդի տոկունության, տարբեր մշակույթների հետ առնչության առումներով։ Հայ ժողովուրդը կարողացել է, դարեր շարունակ մաքառելով, կերտել իր պետականությունը։ Իրոք, մեծ պատիվ է, որ ես ներկայացնում եմ Միացյալ Նահանգները այստեղ՝ Հայաստանում։

Ամերիկյան գործարարները, ամերիկյան բիզնեսն այստեղ իրենց լավ են զգում։ Նրանք վստահ են, որ կարող են Հայաստանում իրենց գործունեությունն իրականացնել։ Կարծում եմ՝ դրա վառ ապացույցը վերջին երկու տարիներին երկու խոշոր ամերիկյան ներդրումների փաստն է՝ մեկը «Քոնտուր Գլոբալ» ընկերության կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերումն է։

Այս ընկերությունն այժմ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ է կատարում Հայաստանում։ Մյուսը ՝՝Լիդիան ինթերնեյշընըլ՛՛ ընկերությունն է՝ Ամուլսարի հանքավայրի հետ կապված ծրագրի ներդրումը, որը կրկին ամերիկյան խոշոր ներդրում է այստեղ։ Նաև ունենք միջին չափի ամերիկյան մեծաթիվ ընկերություններ՝ սկսած «Թութթի ֆրութթի» ընկերությունից մինչև «Բուրգեր քինգ» ֆրենչայզինգային ցանցի ներկայությունը Հայաստանում։

Ավելին՝ օրերս մենք կհայտարարենք ամերիկյան ևս մեկ ընկերության մուտքը՝ մեկ այլ ոլորտում։ Եվ, իհարկե, պետք է նշել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ շատ ու շատ ամերիկյան ընկերություններ աշխատում են՝ սկսած «Սինոփսիս»-ից մինչև «Այ Բի Էմ»-ը։

Այս բոլոր ընկերությունները հաջողությամբ աշխատում են, իրականացնում են իրենց գործունեությունն այստեղ։ Նրանք խորհրդակցում են դեսպանության հետ, իրենց գործընկերների ընտրության հարցում կշռադատված մոտեցումներ ունենալու համար։ Մենք ամերիկյան բոլոր ընկերություններին, ներդրողներին մշտապես հորդորում ենք՝ եթե որեւէ խնդրի եք բախվում, օրինակ, մրցակցային դաշտում, և կարծում եք, որ ձեր նկատմամբ դրսևորվում է անհավասար վերաբերմունք, մրցակիցը լինի հայաստանյան կամ իրանական, չինական կամ ռուսական ընկերություն, անմիջապես դիմեք դեսպանություն։ Կարևոր է, որ այս ընկերությունները լավ իմանան երկրի իրավական դաշտը և գործեն դրա շրջանակներում։

-Դա նշանակում է, որ դեսպանությունը ամերիկյան գործարարներից չի՞ լսել կոռուպցիայի կամ որևէ այլ խնդրի հետ կապված բողոքներ։

– Ես երևի այսպես ձևակերպեմ․ չի եղել որևէ խնդիր ամերիկյան գործարարների հետ կապված, որի պարագայում հնարավոր չլիներ գտնել կարգավորում՝ այդ հարցի համար ապահովելով հավասար և արդարացի լուծում։ Այս կառավարությունը շահագրգիռ է, որ լինեն ամերիկյան ներդրումներ, որ ամերիկյան ընկերություններն աշխատեն այստեղ, և երբ որևէ խնդրի մասին նրանց մոտ հարց է բարձրացվում, շատ արագ արձագանքում են։

– Ի՞նչն է Ձեզ ամենից շատը զարմացրել Հայաստանում։

– Ինչից եմ զարմացել ամենից շա՞տը։ Դա այն է, թե որքան շատ ընդհանրություններ կան Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Այն արժեքները, խնդիրները, որ մտահոգում են մեր հասարակություններին՝ թե՛ այստեղ, թե՛ Միացյալ Նահանգներում, նույնն են․ ընտանիքի կարևորությունը, համայնքի, շրջապատի հետ իրենց սերտ կապերը, ձեռնարկատիրական ջիղը, կրթության նկատմամբ սերը։ Սրանք հայաստանյան արժեքներն են, որոնք նաև Միացյալ Նահանգների հետ նույնական են։ Կարծում եմ՝ նաև դա է պատճառը, որ երկու հասարակությունների միջև ամուր կապեր կան։ Այո, ես Հայաստանը համարում եմ արևմտյան հասարակություն, իսկ որպես դիվանագետ՝ միշտ ուրախալի է տեսնել, որ ընդհանուր արժեքները շատ են, և դա միշտ ողջունելի է, թույլ է տալիս մեզ մի փոքր տանը զգալ։

Ասեմ, թե ինչն է տարբեր։ Սնունդը։ Միացյալ Նահանգներում մարդիկ շատ մեծ ուշադրություն են դարձնում սննդին, ամեն տեղ կալորիաներ են հաշվում։ Իսկ Հայաստանում շատ ուտելիք, համեղ ուտելիք կա, մարդիկ շատ հյուրասեր են, ամեն տեղ առաջարկում են՝ ուր էլ, որ գնաս։ Դա է պատճառը, որ այստեղ գտնվելու ընթացքում, ես մի փոքր քաշ եմ հավաքել։

Այո, շատ են նմանությունները և դրա հետ մեկտեղ շատ են նաև տարբերությունները։ Շատ հետաքրքիր է հայաստանյան եկեղեցական երգչախմբերին լսել, հաց թխելը տեսնել, հայկական ձեռագործ աշխատանքներն են շատ հետաքրքիր, արհեստագործների աշխատանքները։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք «Իմ Հայաստան» ծրագիրը նախաձեռնեցինք Սմիթսոնյան հաստատության հետ միասին։ Այդ ծրագիրը նախատեսված է, որ գյուղական բնակավայրերում զբոսաշրջային ենթակառուցվածքները բարելավվեն, և Հայաստանը հասանելի դառնա զբոսաշրջային շրջանակների համար։ Աշխարհին ներկայացնելու, պատմելու շատ բաներ ունի Հայաստանը։

Վերջերս ես Արենիի քարանձավում էի։ Մի ծրագիր էր իրականացվել մեր աջակցությամբ, որով ապահովվել էր ցուցանակների տեղադրում, բազրիքների տեղադրում, լուսավորություն, ինչն այդ վայրն առավել գրավիչ է դարձնում զբոսաշրջիկների համար։ Եվ ես ուրախ եմ, որ կա այդ ծրագիրը, որը կփորձի նպաստել զբոսաշրջության զարգացմանը և Հայաստանի պատմությունը շատերին հասանելի կդարձնի։ Ես նաև գինեգործ ընկերներ ունեմ, ովքեր շուտով գալու են Հայաստան՝ գինեգործության ոլորտին ծանոթանալու։ Սա զարգացում ապրող, աճող ոլորտ է։ Շատ հետաքրքիր է լսել այստեղ գինեգործության պատմությունը, ծանոթանալ դրա ակունքներին, ինչն էլ ներակայացվելու ու է զբոսաշրջիկներին։

-Հայկական ի՞նչ սովորություններ կան, որոնք կուզենայիք տանել Ձեզ հետ և նշել Միացյալ Նահանգներում։ Օրինակ՝ Հայաստանում շատերն արդեն Գոհաբանության օր են նշում։

-Ես չգիտեի, որ Հայաստանում Գոհաբանության օր են նշում, դա հրաշալի է։ Մի հայկական ավանդույթ ես իրոք շատ հավանել եմ, բայց Նահանգներ չեմ կարող դա տանել, որովհետև ինձ դրա համար դատի կտան։ Դա Վարդավառի տոնն է, երբ մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում։ Մեկ այլ ավանդույթ, որ ինձ շատ դուր է գալիս, Սուրբծննդյան տոներն են Հայաստանում։ Այստեղ մարդիկ այդ օրերին ավելի շատ ընտանիքի հետ են լինում, ընտանեկան հավաքներ են անցկացնում, նշում են տոնը ընկերների, բարեկամների հետ, ճաշում են, մի բաժակ կոնյակ են խմում։ Սուրբծննդյան տոնի ուղղվածությունը մեզ մոտ մի փոքր այլ է։

«Ամերիկայի ձայն»

Տեսանյութեր

Լրահոս