Զգույշ եղեք. նախաճաշ, որը վնասում է ձեր առողջությանը
Նախաճաշը սննդակարգի կարևորագույն բաղադրիչն է։ Ինքնազգացողությունը մեծապես կախված է նրանից, թե ինչից ենք սկսում օրը։ Հավասարակշռված և օգտակար նախաճաշը հարկավոր է բոլորին։ Setmar.ru կայքը ներկայացրել է նախաճաշի բավական տարածված տեսակներ, որոնք վնասում են առողջությանը։
Թխվածք։ Շատերն են նախընտրում առավոտը սկսել կրուասանով, բայց այս մթերքը վնասակար է ոչ միայն կազմվածքին, այլև առողջությանը։ Թխվածքն արագ յուրացվող ածխաջուր է, որն օգտագործելուց կարճ ժամանակ անց կրկին ուտելու ցանկություն է առաջանում։ Խորհուրդ է տրվում թխվածքը փոխարինել դիետիկ մթերքով: Կարող եք պատրաստել այս օգտակար նախաճաշը։ Բլենդերում լավ հարեք ձուն, կաթնաշոռը, մեղրը, լցրեք համապատասխան տարայի մեջ, թխեք գազօջախում։ Անյուղ յոգուրտով, կակաոյով և մեղրով կրեմ պատրաստեք՝ խառնելով բլենդերում։
Սպիտակաձավարի շիլա։ Այն բարդ ածխաջրեր և բջջանյութ չի պարունակում։ Շատ մանրացնելու դեպքում ցորենը կորցնում է իր օգտակար հատկությունները, իսկ օսլան ու գլյուտենը մնում են։ Նրանք, ովքեր հետևում են կազմվածքին, պետք է հրաժարվեն այս մթերքի օգտագործումից։ Առավել ևս խորհուրդ չի տրվում սպիտակաձավարի շիլային շաքար, կաթ և կարագ ավելացնել։
Կաթով փաթիլներ։ Փաթիլների մեծ մասը մեծ քանակով շաքար և տարբեր վնասակար հավելումներ է պարունակում։ Սրանք փոխարինեք վարսակի փաթիլներով, որին կարող եք կաթ, կակաո, կաթնաշոռ, մեղր ավելացնել։
Կաթնաշոռով պանրիկներ և հալեցրած պանիր։ Կաթնաշոռով պանրիկները հաճախ մեծ քանակով յուղ և շաքար են պարունակում, իսկ հալեցրած պանիրը մեծամասամբ պատրաստվում է արտադրության մնացորդներից։ Հալեցրած պանիրը նաև նատրիում է պարունակում, ինչի պատճառով այն խորհուրդ չի տրվում բարձր ճնշում, սիրտ-անոթային հիվանդություն ունեցող մարդկանց։
Բացի այդ՝ նշված մթերքի օգտագործման ընթացքում կարող են օգտագործվել օրգանիզմի համար վտանգավոր սննդային հավելումներ։ Սրանք փոխարինեք սովորական կաթնաշոռով կամ տանը պատրաստված պանրիկներով։ Բլենդերում խառնեք կաթնաշոռը, մեղրն ու բանանը։ Ավելացրեք կակաոյի ու ջրի խառնուրդ։ Մեկ ժամ դրեք սառցարանում։
Քաղցրավենիք։ Քաղցած վիճակում քաղցրի օգտագործումն արյան մեջ բարձրացնում է շաքարի մակարդակը։ Այսպիսի նախաճաշն առողջությանն օգուտ չի բերում, հատկապես՝ աղեստամոքսային տրակտին։ Առավոտյան կարող եք կաթնաշոռ և մեղր ուտել։
Նրբերշիկ։ Նրբերշիկը շատ քիչ քանակով միս և մեծ քանակով հավելումներ է պարունակում։ Դրանք պարունակում են օսլա, մեծ քանակով աղ։ Փոխարինեք այն խաշած կամ խորոված մսով։
Արագ պատրաստվող շիլաներ։ Այս շիլաների կազմի մեջ մտնող ձավարը մանրացվում է և մշակվում գոլորշիով։ Այն, իհարկե, պարունակում է օգտակար էլեմենտներ, սակայն սովորական շիլաներում դրանց քանակն անհամեմատ մեծ է։ Բացի այդ՝ արագ պատրաստվող շիլաների մեծ մասը շաքար և քիմիական հավելումներ է պարունակում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը