Եվրոպան պաշտպանում է իրանական միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագիրը. Մերկել
Եվրամիությունը հանձնառու է այն պայմանավորվածությունների կատարմանը, որոնք ձեռք են բերվել իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի գագաթնաժողովին:
«Իրանական միջուկային ծրագրին վերաբերող համաձայնագրի թեման մեծ դեր է խաղալու: Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ հանձնառու ենք կատարելու այդ համաձայնագիրը»,-ասել է ԳՖՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարը:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: