Պաղեստինյան կառավարությունը պետք է հայտարարի Իսրայելի ճանաչման մասին. Թրամփի ներկայացուցիչ
ՀԱՄԱՍ շարժման մասնակցությամբ պաղեստինյան կառավարությունը պետք է միանշանակ հայտարարի Իսրայելի ճանաչման եւ բռնությունից հրաժարվելու մասին: Այս հայտարարությամբ հոկտեմբերի 19-ին հանդես է եկել միջազգային բանակցություններում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը։
«Միացյալ Նահանգները վերստին հայտարարում է «քառյակի» (միջազգային միջնորդների քառյակը՝ Ռուսաստան, ԱՄՆ, ՄԱԿ եւ ԵՄ կազմով) սկզբունքների հանձնառության պահպանման կարեւորության մասին. պաղեստինյան ցանկացած կառավարություն պետք է միանշանակ ու բացահայտորեն հայտարարի բռնությունից հրաժարվելու մասին, ճանաչի Իսրայել Պետությունը եւ ընդունի կողմերի միջեւ նախորդ համաձայնագրերն ու պարտավորությունները, ներառյալ ահաբեկիչների զինաթափումը, եւ հավաստի խաղաղ բանակցությունների հանձնառությունը»,-ասված է Գրինբլաթի հայտարարության մեջ, որը հոկտեմբերի 19-ին հրապարակված է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանության կայքում: Թրամփի հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ «եթե ՀԱՄԱՍ-ը ինչ-որ դերակատարություն ունենա պաղեստինյան կառավարությունում, շարժումը պետք է ընդունի այս հիմնական պահանջները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: