«Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորվածություն ենք զգում բարձրաձայնելու ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը». Է. Նալբանդյան
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում
«Նորին Սուրբ Օծություն Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա,
Մեծարգո պատգամավորներ,
Տիկնայք և պարոնայք,
Հարգելի ընկերներ
Ողջունում եմ Եվրոպայի հայկական չորրորդ համագումարի մասնակիցներին:
Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատերի ներքո՝ նախևառաջ ցանկանում եմ նշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևերից մեկն ընդունվել է հենց այստեղ դեռևս 1987թ.-ին: Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին՝ 2015թ.-ին, Եվրախորհրդարանը կրկին վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումը՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, և «միացավ ոգեկոչմանը՝ եվրոպական համերաշխության և արդարադատության ոգուն համահունչ»:
Այս նույն ոգով Հարյուրամյա տարելիցին և դրանից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Ավստրիայի, Բելիգայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, բանաձևեր ընդունեցին՝ համալրելով այն երկրների շարքը, որոնք Եվրոպայում և ողջ աշխարհում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այս ջանքերը մեծ կարևորություն ունեն ոչ միայն ոգեկոչման առումով, այլև էական ներդրում են միջազգային կանխարգելման ջանքերում:
Որպես ցեղասպանության սարսափը վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պարտավորվածություն ենք զգում բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: Այս առումով Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված վերջին նախաձեռնություններից էին 2015թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ և ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրվա վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Այս ջանքերը շարունակվելու են:
Հաջորդ տարի լրանում է Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակը: Ցավոք, 70 տարի անց էլ աշխարհը զերծ չէ այս չարիքից: Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական խմբերի դեմ ահաբեկիչների գործողություններն ակնհայտորեն վկայում են կոնվենցիայի արդիականության մասին: Հայաստանն առաջիններից մեկն էր, որ դատապարտեց ահաբեկչական խմբավորումների այս գործողությունները:
Ցավոք, սիրիական արհավիրքը չի շրջանցել մեր հայրենակիցներին, ովքեր զրկանքներ են կրում սիրիացի ժողովրդի, այլ էթնիկ և կրոնական խմբերի հետ միասին: Սիրիական ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մոլորակի բոլոր ծայրերում ունենալով հարյուրավոր համայնքներ, աշխարհասփյուռ հայությունը հաճախ հայտնվում է տարբեր գլոբալ մարտահրավերների կիզակետում: Հայաստանն իր միջազգային ներգրավվածության ընթացքում լիովին հաշվի է առնում տվյալ հանգամանքը, ներառյալ կանխարգելման ջանքերում, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, փախստականների և միգրանտների խնդիրներին անդրադառնալիս, խաղաղապահ առաքելություններին մասնակցելիս, ահաբեկչության դեմ պայքարում ջանքեր ներդնելիս:
Տիկնայք և պարոնայք,
Քանի որ մենք Եվրոպայի հայկական համագումարի կապակցությամբ ենք հավաքվել այստեղ՝ մի շարք եվրոպական կառույցների գլխամասային գրասենյակների հարևանությամբ, թույլ տվեք նաև հակիրճ ներկայացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, որոնք հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը:
Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:
Եվրոպական միությունն արժեքավոր օժանդակություն է ցուցաբերում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, աջակցում է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության շարունակական առաջմղմանը, ժողովրդավարական կառույցների ամրապնդմանը, դատական համակարգի և արդյունավետ կառավարման բարելավմանը: Կառանձնացնեի նաև մեր համագործակցությունն անցած ապրիլին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների համատեքստում:
Եվրամիության աջակցությունը ներառում է նաև Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները՝ այդ թվում էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և այլն: Դրանցից մի քանիսը տարածաշրջանային նշանակություն ունեն, ինչպես օրինակ հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացումը և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը: Մենք ակտիվորեն համագործակցում ենք կրթության, նորարարության, գիտության և մշակույթի ոլորտներում, ներառյալ այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են «Հորիզոն 2020», «Էրազմուս+» և այլք: Այս տարի մենք ավարտեցինք «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի և Ընդհանուր ավիացիոն տարածքի պայմանագրի շուրջ բանակցությունները Եվրոպական միության հետ:
Կցանկանայի հատուկ ընդգծել, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վերջնականացվել է և նախաստորագրվել: Համաձայնագրի ստորագրումը կարող է դառնալ նոյեմբերին Բրյուսելում անցկացվելիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը:
Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի հարցերից կցանկանայի առանձնացնել վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված հանձնառություններից մեկն էր, և կարևոր նշանակություն ունի շարժունակության ընդլայնման ու մարդկանց միջև շփումների խորացման առումով:
Տիկնայք և պարոնայք
Անշուշտ, ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ամենամեծ առաջնահերթություններից է: Ինչպես գիտեք, երեք օր առաջ Ժնևում գագաթաժողով է անցկացվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Ինչ վերաբերում է բուն հանդիպման արդյունքներին, ապա դրանք արտացոլված են արտգործնախարարների և համանախագահների համատեղ հայտարարության մեջ:
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնեցին միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ինտենսիֆիկացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր իրականացնել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում:
Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամություն հայտնեցին աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ: Գագաթաժողովի վերաբերյալ այսքանը։
Ինչպես գիտեք, հայկական կողմը մշտապես հանդես է եկել և գալիս խաղաղ բանակցային հանգուցալուծման և լարվածության նվազեցման օգտին, և այս ամենն արտացոլվել է համատեղ հայտարարության մեջ:
Շուրջ տասնվեց ամիս ընդմիջումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հմուտ միջնորդությամբ հնարավոր եղավ կազմակերպել նախագահների հանդիպումը, որը ինքնին կարելի է դրական գնահատել։
Մոտ չորս տարվա ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզ և բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և համանախագահների մասնակցությամբ: Ինչպես գիտեք, նախկինում Հայաստանը բազմիցս իր պատրաստակամությունն էր հայտնել միանալու համանախագահների հայատարարություններին, սակայն Ադրբեջանը մշտապես հրաժարվում էր հանդես գալ համատեղ հայտարարությամբ:
Այս ամենով հանդերձ, ցավալի է, որ գագաթաժողովից հետո Բաքուն նորից և նորից փորձում է էժանագին, պարզունակ շահարկումներ անել, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ակնհայտ է, թե ինչու է Բաքուն դա անում. որովհետև փորձում է խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։
Առաջին՝ 2016թ. Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով բանակցային գործընթացին հասցված վնասը դեռ չի հաղթահարվել:
Երկրորդ՝ Բաքուն հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, որոնք միտված էին խաղաղ գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, նախկինում ևս, բազմիցս հետ է կանգնել պայմանավորվածություններից, հարցականի տակ դնելով, որ ընդհանրապես ունակ է իրականացնել դրանք։
Երրորդ՝ Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են համանախագահ երկրների կողմից որպես կարգավորման հիմք: Մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն:
Չորրորդ՝ չնայած համանախագահների բազմաթիվ կոչերին՝ հարգելու 1994-95թթ. եռակողմ, անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը:
Այո, Հայաստանը համոզված է, որ պետք է ինտենսիվ բանակցություններ վարել։ Խորապես համոզված է, որ եթե Բաքուն կատարի համանախագահների կոչերը՝ անվերապահորեն հարգի հրադադարը, կյանքի կոչի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հակամարտության կարգավորման սկզբունքներին, կառուցողական մասնակցություն բերի բանակցություններին, ապա հնարավորություն կստեղծվի առաջ մղել խաղաղ գործընթացը:
Հայաստանը, համանախագահ երկրների հետ միասին, շարունակելու է ջանքերն ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Տիկնայք և պարոնայք,
Ինչպես որ խոսքս սկսել եմ Եվրախորհրդարանի բանաձևերը վկայակոչելով, ցանկանում եմ այն ամփոփել, հիշատակելով դրանցից մեկը՝ ընդունված 1999 թվականին, որով ամրագրվում է, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը՝ հետևելով նմանօրինակ հայտարարություններին, որոնք արվել են նախկին խորհրդային հանրապետությունների կողմից: Իհարկե, Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և, ինչպես բազմիցս նշել է Նախագահ Սարգսյանը, երբևէ չի կարող լինել:
Տիկնայք և պարոնայք,
Համակարգված և համադրված քայլերն առանցքային են շատ նախաձեռնություններում հաջողության հասնելու համար: Ցանկանում եմ ձեզ բեղմնավոր քննարկումներ՝ ձեր ընդհանուր մոտեցումները սահմանելու և համատեղ ջանքերը նախանշելու գործում:
Շնորհակալություն»:
ՀՀ ԱԳՆ