«Բոլորին պետք է հասկանալի դառնա». կառավարությունը միավորում է Վանաձորի երկու դպրոց

Վանաձորի թիվ 26 հիմնական դպրոցը, որը 30 աշակերտ ունի, փակվում է և միացվում հարևանությամբ գտնվող՝ Վանաձորի թիվ 28 դպրոցին։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ թիվ 26 հիմնական դպրոցը զբաղեցնում է շուրջ 5069 քմ տարածք, իսկ թիվ 28 դպրոցը կառուցվել է երկրաշարժից հետո, ժամանակակից դպրոց է։

«Դա հիմնականում զինվորական կայազորի տարածքում տեղավորված դպրոց է եղել, որն այսօր չի ապահովում աշակերտների թվաքանակը, և դպրոցի պահպանությունը, վերականգնումը բացարձակապես չեն հիմնավորվում, և մենք անում ենք այս փոփոխությունը։ Բոլորին պետք է հասկանալի դառնա, որ այս թվակազմով, այսպիսի տարածքով դպրոց պահելը բացարձակապես չի արդարացվում, և կրթությունն այդ դպրոցում նորմալ չէ, քանի որ դասարանները, ուսուցիչները թվակազմով չեն բավարարում»,- նշեց Դավիթ Լոքյանը։

Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի հարցի՝ նախարարն ասաց, որ փոփոխության արդյունքում տնտեսվում է 19 մլն դրամ։ «Համաձայնեցվա՞ծ է, տեղերում բոլորը գիտեն»,- հարցրեց վարչապետը, ինչին նախարարը պատասխանեց. «Բոլորը գիտեն, բավական երկար քննարկվել է»։

Տեսանյութեր

Լրահոս