Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Քաշաթաղում հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանի ուղեկցությամբ և Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ, Բերձորում հրավիրել է խորհրդակցություն՝ գյուղատնտեսական և շրջանի զարգացման հետ կապված մի շարք այլ թեմաների շուրջ:
Խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել շրջանի գյուղատնտեսության բաժնի պատասխանատուն: Վերջինս նշել է, որ, վարչակազմի ղեկավարի հանձնարարությամբ, ձևավորվել է շտաբ, որպեսզի կազմակերպված ձևով ժամանակին հասցնեն աշնանացանի բոլոր աշխատանքները:
Անդրադառնալով անցնող տարվա ցուցանիշներին՝ զեկուցողը շեշտադրել է, որ Քաշաթաղի շրջանը շարունակում է հանրապետությունում պահպանել գյուղատնտեսության համախառն բերքի արտադրության առումով առաջատարի դիրքը: Ցանված 20,207 հեկտարից հնձվել է 20,052 հեկտարը, որից ստացված համախառն բերքը կազմել է 55,817 տոննա:
Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել ներկայացված արդյունքները և նշել, որ, հաշվի առնելով շրջանում առկա գյուղատնտեսական մեծ ներուժը, անելիքները դեռևս շատ են: «Քաշաթաղի շրջանում պետական միջոցներով շուտով երկու փորձնական ծրագիր կսկսենք: Առաջինը հարավային և հյուսիսային թևերում կաթի մթերման ժամանակակից կետերի բացումն է, որոնք լրացուցիչ կնպաստեն շրջանում անասնապահության զարգացմանը: Երկրորդը՝ հատկապես հյուսիսային թևում, որտեղ առկա է տարբեր տեսակի պտուղների իրացման խնդիրը, կտրամադրվեն չրերի պատրաստման սարքավորումներ: Այնուհետև պատրաստված ողջ ապրանքատեսականին պետական աջակցությամբ կգնվի»,- ասել է պետնախարարը և հավելել, որ նախատեսվում է նաև սառնարանային ժամանակակից տնտեսությունների ստեղծում, որտեղ բնակիչները հնարավորություն կունենան պահել իրենց բերքը և ձմեռային սեզոնին ավելի թանկ գնով շուկա հանել:
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև հայրենադարձության խնդրին: Նա նշել է, որ կառավարությունը նախատեսում է շրջանում ակտիվացնել հայրենադարձության ծրագիրը, և շրջվարչակազմի ղեկավարին հանձնարարել է գույքագրել շրջանի ամբողջ այն բնակֆոնդը, որը հնարավոր է վերակառուցել: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ հայրենադարձության խթանման համար շրջանի տարբեր համայնքներում ծրագրվում է հարյուրավոր նոր բնակարաններ կառուցել: Խորհրդակցության ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին: