Կարեն Կարապետյանը հանձնարարեց պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ նախագծեր մշակել
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց անտառօգտագործման ծավալների և պատասխանատվության միջոցների կատարելագործման վերաբերյալ:
Նա ասաց, որ անտառների կառավարման և պահպանան արդյունավետության բարձրացման և առկա խնդիրների լուծման նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական:
«Մոտ ժամանակներս շահագրգիռ մարմինների հետ ամբողջությամբ քննարկված և լրամշակված հայեցակարգ կներկայացվի կառավարության աշխատակազմ:
Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը, մյուս կողմից՝ վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները:
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և դրանց լուծման հրատապությունը՝ հանձնարարում եմ բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին առաջինը՝ շարունակել անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին՝ միաժամանակ ապահովելով այդ գործընթացի թափանցիկությունը:
Երկրորդ՝ տասնօրյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացել բնափայտի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա:
Երրորդ՝ երկուամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ հաշվի առնելով ռեալ շուկայի ծավալները, գնահատելով ստվերը, պետք է «Հայանտառ» ձեռնարկությունում բարեփոխումներ կատարեն, տրամաբանության չափով օրինակացնեն անտառահատումները, այդ ֆինանսական միջոցներն ուղղեն Հայանտառ, որպեսզի նրանք գույքով և անհրաժեշտ գործիքներով ապահովված լինեն՝ մաքսիմալ հստակ և կոշտ հսկողություն սահմանելու համար: