«Դուք գյումրեցիների համար դարձաք համով վարչապետ». ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում մասնակցեց Ռուսթավելի փողոցի բացման արարողությանը: Ներկա էին նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Երևանից ժամանած այլ հյուրեր, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներ:
Ռուսթավելի փողոցի բնակիչ Ալեքսանդր Այվազյանն իր ելույթի խոսքում նշեց.
«Թաղի բնակիչների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետին՝ մեր քաղաքին աջակցելու համար: Եթե Գյումրին ունի նման շքեղ, լուսավոր փողոց, անպայման պետք է նշել նաև Սամվել Բալասանյանի անունը: Նրանք միշտ մեր կողքին են»:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը ելույթ ունենալով՝ ասաց, որ օրը յուրահատուկ է, պահը՝ հիշարժան.
«Երբ հեռվից լսվում է ֆայտոնի ծլնգոցը, ֆայտոնչու ձայնն է լսվում: Էս ինչ ղայդով փողո՞ց են սարքել: Այս հրաշք, թանգարան դարձած քաղաքի մեջ նման փողոց է կառուցվել: Հարգարժան վարչապետ, դուք համուհոտ լցրեցիք այս փողոցի մեջ և դուք դարձաք ոչ միայն համուհոտ լցնող, այլև գյումրեցիների համար համով վարչապետ: Երեք խնձորներից ամենահյութեղն ընկնում է վարչապետին: Այս ֆանառները, այս լույսերը շատ քաղաքներում պետք է վառվեն: Եթե դուք անցնեք Գյումրու բոլոր փողոցներով, կտեսնեք բոլոր ժամանակների ճարտարապետական ուղղությունները: Սա նշանակում է, որ քաղաքը շնչել է ժամանակի հետ, ետ չի մնացել աշխարհի քաղաքակրթությունից: Պետք է մեծախոսել: Եթե ես չմեծախոսեմ, կկասկածեք, որ ես գյումրեցի չեմ: Այնքան պետք է զբոսաշրջիկները Գյումրի լցվեն, որ մենք պետք է կանգնենք քաղաքի երկու մուտքերի մոտ և ասենք՝ հերթով մտեք, ինչ է՝ ուրիշ քաղաք չկա՞»:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ելույթ ունենալով՝ ասաց, որ Ռուսթավելի փողոցն ունի իր պատմությունը.
«Պարոն վարչապետ, միայն ձեր նախաձեռնությունն է «Կումայրի» պատմական կենտրոնի վերականգնման ծրագիրը: Պետք է կարողանանք ամբողջ շրջապատը վերականգնել: Մարտ ամսին սկսում ենք Շիրազի փողոցի վերանորոգումը: Տոկուն ժողովուրդ ենք, հետաքրքիր բնավորությամբ և մենթալիտետով: Ո՞նց շնորհակալություն չհայտնեմ հիմնադրամի երիտասարդներին, շինարարներին: Եկեք ծափահարենք այն մարդկանց, որոնք չարչարվեցին այսքան ժամանակ: Հատուկ ուզում եմ նշել պարոն Ղուլարյանի անունը, իմ ավագ, լավ ընկերոջ՝ պարոն Մարտիրոսյանի անունը, որ գիշերները քնեցին էստեղ, և կարողացանք մենք ամեն ինչ անել: Իրոք վերականգնվում է Գյումրին: Պարոն Վարչապետ, խնդրում եմ աջակցեք, որ բոլոր ծրագրերն իրականացնենք, նաև ՎԶԵԲ-ի»:
Փողոցի բացման արարողությունից հետո վարչապետը շրջեց փողոցով, կանգ առավ Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանի մոտ, ճաշակեց գյումրվա քյալլա, հյուրընկալվեց նաև Ռուսթավելի փողոցում գտնվող այլ պատմական տներ, այդ թվում՝ փողոցում գտնվող հյուրատուն:
Կարեն Կարապետյանին և փողոցի բացմանը ներկա հյուրերին դիմավորեցին Գյումրվա ֆայտոնը, պարային խմբերը, հատկապես գեղեցիկ էր հնդկացիների պարային կատարումը:
Այնուհետև Կ. Կարապետյանը ծանոթացավ իրեն պատկանող «Ջրահարս» ռեստորանի շինարարական աշխատանքներին, այցելեց նախկին Գյուլբենկյանի հիվանդանոցի շենք, ծանոթացավ մշակույթի տան շինարարական աշխատանքներին, այցելեց նորաբաց «Գյումրի այցելուների տեղեկատվական կենտրոն»:
Հավելենք, որ որոշ գյումրեցիներ ցանկանում էին զրուցել և նամակներ փոխանցել վարչապետին, սակայն ոչ բոլորին էր դա հաջողվում:
Տարեց կանանցից մեկը, որին ևս չէր հաջողվել մոտենալ վարչապետին, նկատեց՝ «Տեսա՞ր՝ ինչղ ընձի վերից վար չափեց, մոտենա՞լ կեղնիր»: Սևազգեստ մի կնոջ ևս այդպես էլ չհաջողվեց զրուցել վարչապետի հետ:
Անահիտ Սիմոնյան