ՀՀ-ԵՄ համաձայնագրի կարևորագույն դրույթները
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստն ու դրա ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» անվանումը կրող այս տեքստը բաղկացած է 357 էջից (գումարած հավելվածները)։
Այն նախատեսվում է ստորագրել նոյեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ:«Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց առավել հասանելի կերպով հանրությանը ներկայացնել այդ համաձայնագրի առանցքային հատվածները:
Այսպիսով, 386 հոդվածի սահմաններում համաձայնագիրն անդրադառնում է ԵՄ-ՀՀ գործընկերության ամենաբազմազան՝ քաղաքական, քաղաքացիական, իրավական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, կրթական, մշակութային և այլ ոլորտների կարգավորմանը, ինչպես նաև այդ ոլորտների բարեփոխումներին ու զարգացմանը խթանելու անհրաժեշտությանը: Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից և 8 մասից․
1) Նպատակները և ընդհանուր սկզբունքները,
2) Քաղաքական երկխոսությունը և բարեփոխումը․ արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցությունը,
3) Արդարադատություն, ազատություն և անվտանգություն,
4) Տնտեսական համագործակցությունը,
5) Համագործակցությանն առնչվող այլ քաղաքականություններ,
6) Առևտուր և առևտրին առնչվող հարցեր,
7) Ֆինանսական աջակցությունը և խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթներ,
8) Ինստիտուցիոնալ, ընհանուր և եզրափակիչ դրույթներ: Ստորև ներկայացնում ենք դրա առավել հետաքրքիր մասերը:Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրՓաստաթղթի ներածական դրույթներում անդրադարձ կա Արցախի խնդրին:
Մասնավորապես նշված է, որ ընդունվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ և տևական կարգավորմանն ուղղված Հայաստանի հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակներում հնարավորինս շուտ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը:
Ընդգծվում է նաև, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա, հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հաստատված հանձնառությունը:
Քաղաքականություն
• Քաղաքական երկխոսության և բարեփոխման մասով նախատեսված համագործակցությունը շարադրված է 4-11-րդ հոդվածներում։ Ըստ 4-րդ հոդվածի՝ կողմերը պետք է համագործակցեն․
«ա) ժողովրդավարական հաստատությունների կայունության ու արդյունավետության և օրենքի գերակայության զարգացման, համախմբվածության և ամրապնդման շուրջ,
բ) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ապահովելու շուրջ,
գ) դատական և իրավական բարեփոխումների հետագա առաջընթացի շուրջ այնպես, որ ապահովվի դատական համակարգի, քրեական հետապնդման և իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը,
դ) վարչական կարողությունն ամրապնդելու և իրավապահ մարմինների անկողմնակալությունը և արդյունավետ աշխատանքը երաշխավորելու շուրջ,
ե) հետագայում պետական կառավարման ոլորտում բարեփոխում իրականացնելու և հաշվետու, արդյունավետ, թափանցիկ և մասնագիտացված քաղաքացիական ծառայություն մշակելու շուրջ, և
զ) կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետության ապահովման շուրջ, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ միջազգային համագործակցության ամրապնդման և համապատասխան միջազգային այնպիսի իրավական փաստաթղթերի արդյունավետ իրականացման նպատակով, ինչպես օրինակ` ՄԱԿ-ի 2003 թվականի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան»։
• Համաձայնագիրը կարգավորում է արտաքին և անվտանգության քաղաքականությունը, ըստ որի՝ կողմերը պետք է միասին լուծեն հակամարտության կանխարգելման և ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, կիբեռանվտանգության, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, զենքի չտարածման և արտահանման վերահսկման հետ կապված խնդիրներ:
• Համաձայնագիրը անրադառնում է նաև միջազգային նշանակության լուրջ հանցագործությունների և Միջազգային քրեական դատարանին առնչվող համագործակցությունը, հակամարտության կանխարգելմանը, ճգնաժամերի կառավարմանը և տարածաշրջանային կայունությանը։
Այս կոնտեքստում որպես նպատակ ընդգծվում է տարածաշրջանում անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները և ժողովրդավարական զարգացումը և հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵՄ-Հայաստան համատեղ ջանքերը:
• Համաձայնագիրը կարգավորում է զանգվածային ոչնչացման զենքերի, դրանց չտարածման և զինաթափման ոլորտում համագործակցությունը, փոքր տրամաչափի զինատեսակների և թեթև զենքերի ու սովորական զենքի արտահանման նկատմամբ վերահսկողությունը և ահաբեկչության դեմ պայքարը։
• Համաձայնագիրը կարգավորում է ապագա համագործակցությունը արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտներում։ Հարգանքն օրենքի գերակայության ու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, դատական համակարգի անկախության, արդարադատության մատչելիության, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի և քրեական գործերով դատավարական երաշխիքների և տուժողների իրավունքների ապահովման հանդեպ, ինչպես նաև խտրականությունն արգելելը պետք է ուղղորդեն ազատության, անվտանգության և արդարադատության շուրջ ողջ համագործակցությունը:
Այս մասով նախատեսվում է նաև անձնական տվյալների պաշտպանության, միգրացիայի, ապաստանի տրամադրման և սահմանների կառավարման, անձանց տեղաշարժի և հետընդունման, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի, արգելված թմրանյութերի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ահաբեկչության դեմ պայքարի շուրջ համագործակցություն։
• Համաձայնագիրը անդրադառնում է կողմերի քաղաքացիների շարժունակությանը: Մասնավորապես նշվում է, որ կողմերը պետք է շարունակեն խթանել քաղաքացիների շարժունակությանը՝ ինչպես ԵՄ և ՀՀ միջև կնքված մուտքի արտոնագրերի (վիզաների) դյուրացման համաձայնագրի կիրառման, այնպես էլ համապատասխան ժամանակահատվածում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու միջոցով:
Տնտեսություն
• Տնտեսական երկխոսությանը վերաբերող հատվածում նշվում է, որ ՀՀ-ն պետք է քայլեր ձեռնարկի լավ գործառնող շուկայական տնտեսության զարգացման և իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունն աստիճանաբար ԵՄ-ին մոտեցնելու ուղղությամբ:
Եվրամիությունն, իր հերթին, կաջակցի Հայաստանին հուսալի մակրոտնտեսական քաղաքականության ապահովման գործում՝ ներառյալ Կենտրոնական բանկի անկախության և գների կայունության, հուսալի պետական ֆինանսների, արտարժույթի կայուն փոխարժեքի և վճարային հաշվեկշռի հարցերը:
• Ըստ համաձայնագրի, կողմերը հանձնառություն են վերցնում խորացնել փոխօգնությունը և տեղեկատվության փոխանակումը իրականացվող մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ: ԵՄ-ն ակտիվացնում է աջակցությունը պետական հատվածի ներքին հսկողության և աուդիտի արդյունավետացման նպատակով, հատուկ շեշտադրում է կատարվում Վերահսկիչ պալատի՝ որպես աուդիտի բաձրագույն մարմնի անկախության ապահովման և միջազգային ստանդարտների կիրառման վրա:
• Պայմանագրի ոչ մեծ հատված նվիրված է հարկային համակարգին, որով ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի և հարկային վարչարարության կատարելագործմանը և նպաստել մաքսանենգության դեմ պայքարին:
• Նախատեսվում է նաև Եվրոպայի փոքր բիզնեսի ակտի սկզբունքների հիման վրա իրականացնել ՓՄՁ-ների զարգացման ռազմավարություններ, ինչպես նաև իրականացնել այդ գործընթացի մոնիթորինգ՝ կանոնավոր կերպով հաշվետվություններ ներկայացնելու և երկխոսություն անցկացնելու միջոցով։
• Համաձայնագիրը կարգավորում է նաև առևտրային համագործակցությունը, որը վերահաստատում է ԱՀԿ կողմից սահմանված միջազգային առևտուրը կարգավորող սկզբունքները, բացառում է արտահանման մաքսատուրքերի կիրառումը, սակայն կողմերից յուրաքանչյուրը շարունակում է կիրառել ներմուծվող ապրանքերի նկատմամբ նախկինում կիրառվող մաքսային ռեժիմը:
Այդուամենայնիվ, ԵՄ-ն և ՀՀ-ն ցանկություն են հայտնում շարունակել համագործակցությունը ՀՀ մաքսային վարչարարության կատարելագործման և մաքսանենգության և խարդախության դեմ պայքարելու նպատակով:
• Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել Մաքսային հարցերով ենթակոմիտե, որը պարբերաբար անցկացնելու է հանդիպումներ և վերահսկելու է մաքսային ոլորտին առնչվող տեխնիկական աջակցությունը, ապրանքների ծագման երկիրը որոշելու մասին կանոնները, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի պատշաճ կիրառմանը վերաբերող դրույթների կիրարկումը:
• Առանձին հատված նվիրված է ներդրումներին, որով սահմանվում է, որ երկկողմ ներդրումները դյուրացնելու նպատակով ՀՀ-ն և ԵՄ-ն համաձայնագրի կնքումից հետո 3 տարվա ընթացքում, այդուհետ՝ պարբերաբար, համատեղ գնահատելու են ՀՀ ներդրումային միջավայրն ու ներդրումների վերաբերյալ իրավական դաշտը, որի հիման վրա կողմերը հաշվի են առնում բանակցություններ սկսելու հնարավորությունը՝ համաձայնագրի փոխադարձ ներդրումներին, այդ թվում ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթները լրամշակելու նպատակով:
Էներգետիկա
• Փաստաթղթում առկա են էներգետիկ համագործակցությանը և միջուկային անվտանգությանը նվիրված ծավալուն դրույթներ:
Ընդգծված են էներգիայի մատակարարների և արտադրության բազմազանությանը խթանելու անհրաժեշտությունը, էներգիայի աղբյուրների և փոխանցման ուղիների բազմազանեցման, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, էներգաարդյունավետության և էներգախնայողության խթանման անհրաժեշտությունը, ինչպես նաև էներգիայի մրցունակ շուկա զարգացնելու և տարածաշրջանային շուկաներում ինտեգրվելու կարևորությունը:
Միջուկային անվտանգության հետ կապված համագործակցությունը ներառում է այս ոլորտում լավագույն փորձի փոխանակում և վերապատրաստում՝ ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով:•Էներգետիկ ոլորտում համագործակցությունը ենթադրում է նաև Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը:
Միաժամանակ նշվում է, որ պետք է հաստատել ճանապարհային քարտեզ կամ գործողությունների պլան, որը նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորությամբ:
Այլ ոլորտներ
• Համաձայնագիրն արծարծում է կրթությանն ու երիտասարդությանն առնչվող հարցերը՝ ընդգծելով այս ոլորտում փոխգործակցության կարևոր դերը ԵՄ և ՀՀ միջև համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու գործում: Մասնավորապես նշվում է, որ պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահել մասնագիտական և բարձրագույն կրթությունը՝ որպես աշխատատեղեր ստեղծելու բանալի, կրթության և վերապատրաստման համակարգերի արդիականացումը, օտար լեզուներ սովորելու խրախուսումը:
Հատուկ ընդգծվում է համագործակցությունը՝ եվրաինտեգրման գործընթացի ընկալման և դրա վերաբերյալ իրազեկության նպատակով, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում գիտական երկխոսություն ծավալելու և Եվրոպական միության համապատասխան ծրագրերին մասնակցելու անհրաժեշտությունը:
• ԵՄ-ՀՀ համաձայնագիրն առանձին բաժիններով անդրադառնում է նաև շրջակա միջավայրի պահպանության, գյուղատնտեսության ու գյուղական համայնքների զարգացման, հանքարդյունաբերության և առողջապահության ոլորտներին: Ընգծվում է, որ երկկողմ համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը և ուղղված լինի ոլորտների բարելավման և զարգացման խթանմանը:
Ինստիտուցիոնալ
• Փաստաթուղթը պարունակում է նաև ինստիտուցիոնալ դրույթներ: Այսպես, համաձայնագրով ստեղծվում է Գործընկերության խորհուրդ, որը վերահսկում և պարբերաբար գնահատում է համաձայնագրի կիրարկումը:
Այն բաղկացած է կողմերի նախարարական մակարդակով ներկայացուցիչներից և հանդիպում է կայացնում տարին մեկ անգամ: Խորհուրդը հաջորդական կարգով նախագահում են ԵՄ և ՀՀ ներկայացուցիչները: Գործընկերության խորհուրդն ունի համաձայնագրի շրջանակներում որոշումներ ընդունելու լիազորություն, որոշումները պարտադիր են կողմերի համար:
• Ստեղծվում է նաև Գործընկերության կոմիտե, որն աջակցում է Գործընկերության խորհրդին իր պարտականությունների և գործառույթների կատարման հարցում:
Գործընկերության կոմիտեն կազմված է կողմերի՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ընտրված ներկայացուցիչներից, և հանդիպում է առնվազն տարին մեկ անգամ։ Կոմիտեին աջակցում են ենթակոմիտեները և համաձայնագրի շրջանակներում ստեղծված այլ մարմինները:
• Համաձայնագրով ստեղծվում է Պառլամենտական գործընկերության կոմիտե, որը կազմված է Եվրոպական պառլամենտի և ՀՀ Ազգային ժողովի անդամներից՝ որպես քննարկման հարթակ:
Պառլամենտական գործընկերության կոմիտեն կարող է ներկայացնել առաջարկություններ Գործընկերության խորհրդին:• Փաստաթղթով ստեղծվում է նաև Քաղաքացիական հասարակության հարթակ:
Այն ծառայում է որպես քննարկման հարթակ՝ հանդիպումներին մասնակցելու և կարծիքներ փոխանակելու համար, և կազմված է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերով կոմիտեի անդամներից՝ Եվրոպական միության կողմից, և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ցանցերից և հարթակներից, այդ թվում՝ Արևելյան գործընկերության ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներից:
Քաղաքացիական հասարակության հարթակը կարող է առաջարկություններ ներկայացնել Գործընկերության խորհրդին, Գործընկերության կոմիտեին և Պառլամենտական գործընկերության կոմիտեին: Կոմիտեները կազմակերպում են պարբերաբար շփումներ Քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչների հետ՝ համաձայնագրի նպատակների իրագործման մասին նրանց կարծիքները ստանալու նպատակով:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»