Ո՞րն է Ադրբեջանի վերջին շրջանի սադրանքների իմաստը

Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ

– Պարոն Սաֆարյան, տարածաշրջան այցից հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ երկու նախագահները պատրաստակամ են՝ վերսկսել բանակցությունները, սակայն Ադրբեջանի նախագահը պարբերաբար կրկնում է, թե չի կարող լինել երկրորդ հայկական պետություն, ռազմատենչ հայտարարություններ է անում անգամ ՄԱԿ ամբիոնից։ Այս պայմաններում ինչի՞ շուրջ կարող են խոսել նախագահները։

– Այդ հայտարարությունների 3 թիրախ կարող ենք նշել: Ինքն անուղղակիորեն մերժում է Ղարաբաղի անկախ կարգավիճակի ճանաչումը և միջնորդներին հասկացնել է տալիս, որ ինքը դա չի անելու: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Մադրիդյան առաջարկների կետերից մեկին՝ Ղարաբաղում պարտադիր անցկացվելիք կամարտահայտությանը: Եվ այդ կամարտահայտության ամենասպասելի արդյունքներից մեկն այն կլինի, որ արցախցիները չեն ցանկանա ապրել Ադրբեջանի կազմում: Առավել ևս՝ Կատալոնիայի և քրդական հարցից հետո առավել անհանգիստ է և ուղղակի կանխավ փորձում է այդպիսի զարգացումները կանխել՝ հասկացնելով, որ այդ թեմայով քննարկումներ չի ունենա:

Երկրորդ թիրախը սեփական հասարակությունն է, որը նույնպես հետևում է վերջին շրջանի զարգացումներին և, բացի Ղարաբաղը փաստացի և իրավականորեն կորցնելուց, նաև աշխարհի զարգացումներն են այդ հասարակությանը ցույց տալիս, որ այդ գործընթացներն անշրջելի են լինում, և հետևաբար՝ ինքը փորձում է սեփական հասարակությանը հուսադրել, որ ինքը նման զարգացումների պատուհան չի բացի և նման համաձայնություն չի տա:

Եվ վերջապես՝ երրորդ թիրախը, որն ավելի թաքնված ու խորամանկ է, Հայաստանը դրան պետք է շատ ուշադիր լինի, այն է, որ կանխավ փորձում է որոշել բանակցությունների արդյունքները: Թվում է, թե սեփական երկրի դիրքերից դիրքորոշում է հայտնում, բայց փորձում է հայկական կողմի վրա դնել բանակցությունների տապալումը: Դա անում է ոչ միայն դիվանագիտական հայտարարությունների միջոցով, այլ նաև՝ թե՛ ռեժիմների խախտումների տեսքով, թե՛ Վիեննայի պայմանավորվածություններից հրաժարվելու տեսքով: Ինքը բավականին բազմագործիք քաղաքականություն է վարում, որի նպատակը բանակցությունները տապալելն է: Ուղղակի, քանի որ ցանկալի չէ, որ այդ պատասխանատվությունը մնա Ադրբեջանի վրա, ամեն ինչ անում է դա Հայաստանին վերագրելու համար:

– Օրերս ադրբեջանական գնդակոծումից հայ զինվոր էր զոհվել: Ադրբեջանը սահմանին իրավիճակը սրում է նախագահների հանդիպումներից առաջ, սադրանքներ է անում: Այժմ նախագահները Սոչիում են, ի՞նչ է սպասվում:

– Հենց դա էի ասում, որ Ալիևն ամեն ինչ անում է, որպեսզի բանակցությունները վիժեցվեն: Նա հայտարարություններ է անում, թե Ադրբեջանը կողմ է առարկայական բանակցություներին, իսկ Հայաստանը՝ ոչ: Սակայն մի բան պարզ է, որ Ալիևը չի կարող ուղղակի ընդունել այն, ինչ սեղանին է երկար տարիներ շարունակ: Եվ Ալիևը նույնիսկ մեր համար ամենավատ տարբերակի դեպքում, այն է՝ 5 շրջանների դիմաց ստանալ անկախության ճանաչում, միևնույն է, դա էլ չի կարող իր հասարակության մեջ անցկացնել: Հետևաբար` նրան ոչինչ չի մնում, քան՝ տապալել  բանակցությունները, սադրանքներ անել,  որ Հայաստանը տապալի բանակցությունները: Պետք է մի բան հասկանալ, որ վերջին շրջանի հայտարարությունները, որոնք բավականին խեղաթյուրում էին անցած տարի տեղի ունեցած պրոցեսը, նման սադրիչ նշանակություն ունեին:

Ալիևը հայտարարում էր, թե վերջապես Հայաստանը հրաժարվել է իր նախապայմանային քաղաքականությունից, բայց ակնհայտորեն Ադրբեջանն է ավելի վատ վիճակի մեջ հայտնվել: Համենայն դեպս, Մինսկի խմբի համանախագահները չեն հրաժարվել այն պահանջներից, ինչը դրվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններում:

Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն է հրաժարվել իր նախկին դիրքորոշումներից և նստում է բանակցությունների սեղանին: Բայց իրականությունը ճիշտ հակառակն է, քանի որ անցած տարիների ընթացքում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններում Մինսկի խմբի պահանջները Հայաստանի կողմից չկատարելու խնդիր չի եղել, այլ այն, որ Ադրբեջանը բանակցությունների վերսկսումը պայմանավորել էր նրանով, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի տարածքներից՝ Լեռնային Ղարաբաղից: Եվ հենց այս նախապայմանն է, որ Ալիևը շրջանցել է, և այսօր կարելի է վստահաբար ասել, որ, եթե անգամ հայկական կողմը չի բարձրաձայնում, կամ Մինսկի խումբն այդպես կոշտ չի դնում Վիեննայի պայմանավորվածությունների կատարման հարցը, այնուամենայնիվ, դա օրակարգից դուրս չի բերվել, այլ Ալիևը ետ է կանգնել սեփական դիրքորոշումից և փաստացի բանակցությունների է գնում` այդ դեօկուպացիայի պահանջն օրակարգից հանած:

Հիմա՝ Ալիևի նպատակների և նրա հայտարարությունների մասին: Նպատակն այն է, որ Հայաստանը փոխադարձ մեղադրանքների մեջ ներքաշվի, երկու կողմերն իրար մեղադրում են, որպեսզի հանդիպումը չկայանա, բանակցությունները տապալվեն,  Ալիևն էլ լեգիտիմացնի հարցը ուժով լուծելու իր «իրավունքը»: Սա է Ադրբեջանի վերջին շրջանի սադրանքների իմաստը:

Իհարկե, հայկական կողմի վիճակն էլ հեշտ չէ, որովհետև Վիեննայից խոսել անհնար է, առավել ևս, որ ստացվում է,  որ մենք պետք է բանակցենք այն պայմաններում, որոնք եղել են անցած տարիներին, երբ հանդիպումներից առաջ Ադրբեջանը սադրանքների էր դիմում: Հետևաբար, հայկական կողմը պետք է ուղիներ գտնի, որպեսզի այդ պահանջները դրվեն Մինսկի խմբի համանախագահների կողմից: Դրանք չպետք է լինեն բացառապես հայկական կողմի պայման, ի սկզբանե այդպիսին էլ չէին: Եվ հայկական կողմը պետք է Մինսկի խմբից պահանջի իրենց հայտարարության ոգով միջադեպերի հետաքննություն և, ես կարծում եմ, որ այս հանդիպման ընթացքում վերջին օրերի միջադեպերի խնդիրը պետք է դրվի:

Տեղի ունեցածի մեկ այլ կարևոր ասպեկտի մասին. բացի այն, որ Ադրբեջանի թիրախում բանակցային գործընթացի վիժեցումն է, քանի որ նա չի կարող բանակցել այն, ինչը չի կարող ընդունել, և դրա մասին պարզ հայտարարեց ՄԱԿ-ի ամբիոնից: Այժմ նրա հայտարարությունները, արարքները տեղի են ունենում ՀԱՊԿ-ի զորավարժությունների կոնտեքստում և Միացյալ զորախմբի ստեղծման պայմանագրի վերջնական վավերացումից հետո:

Վերջին շրջանում հետևելով ադրբեջանական ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների, փորձագետների հարցադրումներին, ապա Ադրբեջանի վերջին մեկ տարվա և շրջանի հուզող հարցերը հետևյալն են` արդյո՞ք Ռուսաստանը կկանգնի Հայաստանի թիկունքին, եթե Ադրբեջանը դիմի ռազմական գործողությունների, արդյո՞ք «Իսկանդերները» կգործարկվեն, սա արդեն մի տարի անընդհատ քննարկվում է նրանց մոտ: Արդյոք Միացյալ զորախումբը կներքաշվի՞: Ակնհայտորեն, սա հետախուզում է Ադրբեջանի կողմից:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Ադրբեջանի ՊՆ մամլո հաղորդագրությունը գրեթե ամբողջությամբ խոսում է Տավուշի մարզի սահմանամերձ գոտում հրադադարի խախտման մասին, որովհետև թվարկվում է ոչ միայն Տավուշի մարզի 3 ենթաշրջանների սահմանագիծը, այլ նաև դրան սահմանակցող 3 ադրբեջանական շրջանները՝ Թովուզ, Աղստաֆա և Ղազախ: Ստացվում է, որ Ադրբեջանը քողարկված կերպով ձեռնոց է նետում նաև ՀԱՊԿ-ին և Միացյալ զորախմբին՝ հասկանալով, որ, եթե ինքը հայ-ադրբեջանական միջպետական սահմանում ռեժիմի խախտման գնա, ապա ինչպիսին կլինի Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի արձագանքը: Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ն ուղղակի պարտավոր է արձագանքել վերջին միջադեպին՝ կապված զինվորի սպանության հետ:

– ՌԴ նախագահի խորհրդական Գլազևը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին կոնսենսուսի դեպքում: Ինչո՞ւ է այս մասին խոսվում, հատկապես՝ Սոչիում ԱՊՀ գագաթաժողովից առաջ:

– Հանուն արդարության, ռուսական կողմը լավ է հասկանում, որ 2-3 տարի է՝ հայ փորձագիտական շրջանները բազմիցս պահանջել են, որ Հայաստանը փակի այդ թեման՝ թույլ չտալով ռուս-ադրբեջանական սակարկություն ԵԱՏՄ անդամակցության շուրջ՝ Ղարաբաղի գնի պայմանով: Ռուսաստանում ակնհայտորեն հետևում են ներհայաստանյան քաղաքական դիսկուրսին, մեր գնահատականներին և հասկանում են, որ Երևանը կարող է իսկապես պրոբլեմ դառնալ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացում:

Բայց այստեղ հետաքրքիր է, որ տեսնելով դա, իրենք հասկանում են, որ Երևանը կարող է տապալել նաև Կրեմլի աշխարհաքաղաքական նպատակներն Ադրբեջանի հետ, և փորձում են Երևանին համոզել, որ, եթե վերջինս շատ չառարկի Ադրբեջանի անդամակցությանը, ապա Բաքուն կհայտնվի Երևանի ձեռքերում, և ճակատագիրը կտնօրինի Երևանը: Այսինքն, իրենք ուզում են, որ Երևանը ոչ մի կերպ չընդդիմանա այս գործընթացին և համաձայնի, որ սիրախաղը շարունակվի, բայց խոստանալով, որ այդ պրոցեսի բանալին կգտնվի Երևանի ձեռքում:

Բաքվում արդեն օրեր առաջ՝ վերհիշելով իմ հայտարարություններն այդ խնդրի շուրջ, երբ առաջարկել էի, որ Հայաստանը վետո դնի, Բաքուն նյարդային կերպով՝ և Միլի Մեջլիսի պատգամավորների շուրթերով, և այլ մակարդակներով հասկացրեց, որ այդ գործընթացը չպետք է կախված լինի Երևանից: Նախ, ընդհանրապես մերժեցին անդամակցության հեռանկարը և հերքեցին Գլազևին, թե Ադրբեջանն արդեն դիմել է, բայց սահմանեցին գինը՝ Արցախի վերադարձը: Եվ նաև շատ բաց հասկացրեցին, որ այդ գործընթացը պետք է կախված լինի Ռուսաստանից, այլ ոչ թե՝ Հայաստանից: Այսինքն, պայմանների սակարկություն է ընթանում:

Գլազևի մեկ հայտարարությունն էլ էր շատ արժեքավոր. 2013 թվականին Հայաստանին համոզում էին, որ, եթե նա չի ուզում ղարաբաղյան գոտում պատերազմ լինի, ապա դրա ելքը ԵԱՏՄ-ն է, որովհետև Ռուսաստանը հանուն իր ինտեգրացիոն ծրագրերի՝ թույլ չի տա վտանգել խաղաղությունը: Երևան այցելած Նարիշկինը Գիտությունների ակադեմիայում այդպիսի հայտարարություններ արեց: Եվ պատահական չէ, որ պաշտոնական Երևանն էլ իր դիրքորոշումը պայմանավորեց անվտանգության գործոններով: Բայց քանի որ 2016թ. պատերազմ տեղի ունեցավ, հիմա Գլազևը շատ ավելի վտանգավոր բան է ասում:

Ասում է` եթե չեք ուզում պատերազմ, ուրեմն երեքով պիտի լինեիք ԵԱՏՄ-ում՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Եվ Հայաստանին փորձում է շահագրգռել, որ ոչ թե ակնհայտորեն խոչընդոտի Ադրբեջանի կամ Վրաստանի անդամակցությանը, այլ բանալիներն իր ձեռքը վերցնի՝ վետոյի իրավունքը, և դրանով էլ օգնի Ռուսաստանին, որպեսզի Ադրբեջանին ու Վրաստանին «բերման» ենթարկեն Ռուսաստան:

Բարեբախտաբար, Ռուսաստանը չի կարող միայնակ որոշել տարածաշրջանի ճակատագիրը: Ես չեմ ուզում ասել, որ այդ որոշումների բանալիները գտնվում են Արևմուտքի ձեռքերում, սակայն, համենայն դեպս, այս տարածաշրջանի պետություններն են թույլ չտալու նման զարգացումներ: Արևմուտքը, բնականաբար, այս առումով ամենևին կողմ չի լինի տարածաշրջանի հերթական խորհրդայնացմանը:

Տեսանյութեր

Լրահոս