Թուրք-ամերիկյան սկանդալը հարված է հասցրել Թուրքիայի տնտեսությանը
ԱՄՆ-ի որոշումը Թուրքիայի քաղաքացիներին մուտքի վիզա չտրամադրելու մասին ի պատասխան ԱՄՆ-ի դեսպանության աշխատակցի ձերբակալմանը, չափազանց մտահոգել է թուրքիայի բնակիչներին: Քաղաքացիների մի մասն հույս ունի, որ խնդիրներն արագորեն կկարգավորվեն: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«ԱՄՆ-ը սխալ է վարվում: Մեր երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է և բարեկամ երկիր»,- ասում է Անկարայի բնակիչ Հասան Յիլիդիրիմը:
Թուրքիայի տնտեսությունը կախված է ԱՄՆ-ից: Երկու երկրների միջեւ առևտուրը հասնում է 20 միլիարդ դոլարի, սակայն վերջին իրադարձությունները կարող են խաթարել հարաբերությունների հետագա զարգացումը: Թուրքիայում զբոսաշրջության առումով ևս գրանցվել է անկում: Ամերիկյան պատժամիջոցից ամենաշատ տուժողների շարքում է «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը, որը գրանցել է գների 8 տոկոսի անկում:
«Շուկան արդեն իսկ ծանր օրեր էր ապրում: Մեր հարաբերություններն արդեն վատթարացել էին Գերմանիայի հետ, որին հաջորդեց այս հարցը: Մտահոգիչն այն է, որ Թուրքիան գնալով մեկուսանում է»,- նշում է ներդրումային վերլուծաբան Սերհաթ Գյուրլեենը:
Ավելի քան 1000 ամերիկյան ընկերություններ ունեն գրասենյակներ Թուրքիայում, որը դիտարկվում է եվրոպական ուղղությամբ աշխատող ընկերությունների համար կարևոր կենտրոն: Թուրք-ամերիկյան դիվանագիտական սկանդալը մեծ հարված էր այս երկրների ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական հարաբերություններին:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասն, իր հերթին, հայտնել է, որ այս իրավիճակը չի բխում Միացյալ Նահանգների շահերից, և ԱՄՆ-ը չէր ցանկանում հարաբերությունների վատթարացում Թուրքիայի հետ: Սակայն առայսօր, ըստ դեսպանի, ում նախագահ Էրդողանը համարում է այս սկանդալի հիմնական մեղավոր, ամերիկյան կողմը չի ստացել որևէ պարզաբանում պաշտոնական Անկարայից, թե ինչու է ձերբակալվել իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը:
ԱՄՆ-ի դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների միջև երկխոսությունը կշարունակվի:
«Կառավարությունների միջև քննարկումները կարևոր խնդիրների շուրջ կշարունակեն մնալ ոչ հանրային, սակայն մենք կշարունակենք Թուրքիայի իշխանությունների հետ երկխոսությունն այս իրավիճակի մասին»,- ասում է ԱՄՆ-ի դեսպանը:
Ամերիկյան կողմը հիշեցնում է, որ այս տարի իր հյուպատոսական ծառայությունում աշխատող երկու աշխատակիցներ ձերբակալվել են Թուրքիայում: Երկրորդ ձերբակալությունից հետո ԱՄՆ-ը դադարեցրել է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: Թուրքիան արձագանքել է համանման պատասխան քայլերով: