Բաժիններ՝

Գյումրու «Լիլիթ» ՀՈԱԿ-ը չի կարողանում երեխաներ ընդունել

168.am-ն արդեն անդրադարձել է Գյումրու համայնքապատկան նախակրթարաններն անվճար դարձնելու հնարավորություններին:

«Կոմպաս» գիտահետազոտական կենտոնի ղեկավար, տնտեսագետ Ղարիբ Հարությունյանը նշել էր, որ համայնքապատկան նախակրթարանները հնարավոր չէ անվճար դարձնել, քանի որ այլ ծախսերի կրճատման հաշվին քաղաքային բյուջեի կառուցվածքում 6 տոկոսի չափով փոփոխությունների իրականացումն անհնար է:

Այս անգամ կանդրադառնանք նախակրթարաններում երեխաներին տրվող սննդին:

«Փարոս» ՀՈԱԿ-ում երեխաների սննդին ամենամեծ գումարներն են հատկացվում՝ ամսական մեկ երեխայի համար նախատեսված սննդի ծախսը կազմում է 6500 դրամ: Այս նախակրթարան հաճախող սաների սննդի ծախսն ամսական կազմում է 676.000 դրամ, տարեկան՝ 8.112.000 դրամ: Հոկտեմբեր ամսվա համար օրական մեկ երեխայի սննդի ծախսը կազմում է մոտավորապես 295 դրամ:

Կարդացեք նաև

«Երազանք» ՀՈԱԿ-ում սաների սննդի ծախսերի համար ամենաքիչ գումարներն են հատկացվում՝ մեկ երեխային ամսական 4000 դրամ: Այս նախակրթարանի բոլոր սաների համար ամսական սննդի ծախսի գումարը կկազմի 292.000 դրամ, տարեկան՝ 3.504.000 դրամ: Հոկտեմբեր ամսին մեկ երեխային օրական հատկացվող սննդի գումարն այս նախակրթարանում կկազմի 181 դրամ:

Իսկ «Լապտերիկ» ՀՈԱԿ-ում մեկ երեխայի ամսական սննդի ծախսը կազմում է 5000 դրամ, հոկտեմբեր ամսին մեկ երեխայի համար օրական սննդի ծախսը կկազմի 227 դրամ:

Երեխաների սննդի ծախսերի վերաբերյալ նման հաշվարկ կարելի է կատարել նաև Գյումրու մյուս նախակրթարանների պարագայում: Դատելով օրական մեկ երեխային բաժին ընկնող սննդի ծախսերից, ծնողական վարձավճարները բավարար չեն երեխաների լիարժեք սննդի ապահովման համար:

Նախակրթարանների մի քանի տնօրեններ 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ ծնողական վարձավճարները սննդի համար քիչ են, երեխաների համար կարողանում են նորմալ սնունդ ապահովել, քանի որ իրենց, սննդի տեսքով, բարեգործական հիմնարկներն են օգնում:

Նախակրթարաններից մեկի տնօրենի խոսքով, սննդի մատակարարման համար իրենք պայմանագրեր ունեն անհատ ձեռներեցներ Հասմիկ Սիմոնյանի (նախակրթարանի տնօրենի հավաստմամբ՝ Գյումրու «Թոռիկ Գոռ» վաճառատան տնօրենն է) և Հակոբ Սոսյանի հետ: Պատվիրում են նպարեղեն, միրգ և բանջարեղեն:

Նշենք, որ Գյումրու որոշ նախակրթարաններում ճաշացանկ-պահանջագրերը թերի են լրացված. դրանցում երեխաների թիվը, սննդամթերքի չափը, դրա քաշը, օրական սննդի գումարի չափը, երեխաներից յուրաքանչյուրին հասնող սննդի չափաբաժնի տվյալները բացակայում են:

Մինչդեռ նախակրթարաններում օրական ճաշացանկ-պահանջագրերը կազմելիս հիմնականում գրառում են միայն նախաճաշի, ճաշի, ետճաշի համար պահանջվող սննդամթերքների մասին տեղեկատվությունը, իսկ վերը նշված տվյալները չկան: Սակայն երեխաների՝ տվյալ օրվա համար ծախսված սննդի գումարի չափի մասին տեղեկություն ստանալու համար այս տվյալները լրացնելը ևս կարևոր են:

Բացի այդ, օրական կազմվող ճաշացանկ-պահանջագրերի վրա բացակայում են համապատասխան անձանց ստորագրությունները:

Օրինակ, Գյումրու թիվ 8 նախակրթարանում մեզ ցույց տվեցին տվյալ օրվա համար սաների ճաշացանկ-պահանջագիրը: Այս նախակրթարանում նախաճաշի, ճաշի և ետճաշի համար նախատեսված սննդամթերքը հետևյալն է եղել՝

նախաճաշին՝ հաց, կարագ, թեյ, ջեմ,

ճաշին՝ հաց, ապուր, սալոր,

հետճաշին՝ հաց, հավով, հաճարով փլավ, աղցան:

Սակայն ճաշացանկ-պահանջագիրը ստորագրված չի եղել:

Նախակրթարաններում երեխաներին տրամադրում են նաև բանան, կարտոֆիլով պյուրե, կարագ, խտացրած կաթ, սպաս, դեղձի կոմպոտ և այլ սննդամթերք:

Բացի սննդի լիարժեք ապահովումից, կարևորվում է նաև սննդի անվտանգությունը և երեխաների համար սննդի պատրաստումը համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններում: Սրա վերաբերյալ ևս երբեմն նախակրթարաններում խախտումներ են արձանագրվում:

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում խախտումներ են հայտնաբերվել նաև «Գյումրի համայնքի Լիլիթ» ՀՈԱԿ-ում:

Մանկապարտեզն ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սննդամթերքի պահպանումն իրականացվել է սննդամթերքի համար չնախատեսված տարաներում, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից:

Մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը կասեցվել է, իսկ խախտումների վերացման համար ծառայությունը սահմանել է ժամկետ:

«Լիլիթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Սուսաննա Ձվակերյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախակրթարանի սննդի կազմակերպման գործունեությունը դադարեցված է, ուստի երեխաներ ընդունել չի կարող՝ մինչև հարցը կարգավորվի:

«Մենք հոսող ջուր ունենք՝ տաք և սառը, խմբակներում տաք ջուր չկա: Մի 15-20 օրվա մեջ կվերջացնենք իրականացվող աշխատանքները՝ մինչև նորմալ աշխատանքի անցնենք»,- նշեց Ս.Ձվակերյանը:

Նշենք որ 1950-ականներին կառուցված նախակրթարանի շենքը նաև հիմնանորոգման կարիք ունի, այստեղ ջեռուցման միասնական համակարգ գոյություն չունի:

Անահիտ Սիմոնյան

Հ. Գ. Առաջիկայում կներկայացնենք նաև, թե Գյումրու համայնքապատկան նախակրթարաններին սննդի տեսքով բարեգործական ո՞ր կազմակերպություններն են օգնում, արդյո՞ք բացի սննդից՝ նախակրթարաննները նաև օգնություն են ստանում գումարի տեսքով: Կարևոր է նաև, թե յուրաքանչյուր նախակրթարան երեխաների համար սննդի գնման կամ մատակարարման ինչպիսի՞ պայմանագրեր ունի անհատ ձեռներեցների հետ, ինչպիսի՞ սննդամթերքների գնում է իրականացվում, ի՞նչ գներով: Արդյո՞ք դրանց գները շուկայական արժեքից բարձր են կամ ցածր, կա՞ն սննդամթերքներ, որոնք նախակրթարանները ձեռք են բերում առանց մրցույթներ հայտարարելու և մատակարար կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս