Ռուսական ջանքերն անարդյունավետ են
«Հայ-ռուսական միացյալ զորախումբը գործում է դեռևս 1990-ական թվականներից, սակայն կողմերը որոշեցին այդ մասին բարձրաձայնել հակառակորդներին զսպելու նպատակով: Կարծում եմ՝ դրա հասցեատերը կարող է լինել նաև Ադրբեջանը, որն այս տարիների ընթացքում սպառազինություն ձեռք բերելով Իսրայելից, Ռուսաստանից, առավելություն է ձեռք բերել Հայաստանի նկատմամբ: Լուրջ նշանակություն այս զորախմբին պետք չէ տալ, այն գործել է և կգործի այնպես, ինչպես նախկինում, պարզապես ավելի համակարգված եղանակով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ԱԺ-ում հաստատված համաձայնագրին: Այս զորախմբի մասին խոսակցությունները, ըստ նրա, շրջանառության մեջ հայտնվեցին ոչ պատահական ժամանակահատվածում:
Նա հիշեցրել է, որ այս խոսակցությունների հիմքերը դրվեցին ռուս-թուրքական լարվածության ժամանակ: Սա, ըստ վերլուծաբանի, նշանակում է, որ ռուսական կողմը մտավախություններ ունի, որ լարվածությունների ժամանակ այս կողմից կարող են սադրանքներ լինել Ռուսաստանի դեմ, ուստի այս զորախմբի առաքելությունն է լինելու՝ վերահսկել այս ուղղությունը և զսպիչ դերակատարություն ունենալ: Սակայն նա նաև նշել է, որ ԼՂ հակամարտությունում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ռուսական ջանքերն անարդյունավետ են:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: