
Boeing-ը գնում է Aurora Flight Sciences-ը թռչող տաքսիներ ստեղծելու համար

Boeing ամերիկյան օդատիեզերական կոնցեռնը հայտարարել է Aurora Flight Sciences-ի՝ ավտոմատացված դրոնների եւ ավիացիոն ճյուղի համար բաղադրատարրերի արտադրողի գնման մասին: Գործարքի պայմաններն ընկերության հաղորդագրության մեջ չեն բացահայտվում։
Դրանով իսկ Boeing-ը պատրաստվում է ավելացնել իր ինքնաթիռների ավտոմատացումը, կատարելագործել զինվորականների համար նախատեսված անօդաչու թռչող սարքերը եւ մասնակցել անհատական օդային տաքսիների մշակմանը, նշում է CNN Money-ը:
«Մենք չենք կարող ասել՝ ինչպիսին կլինի ապագան, բայց մենք ցանկանում ենք առաջատարը լինել օդային ճամփորդությունների բոլոր ձեւերում»,-հայտարարել է Boeing-ի տեխնիկական տնօրեն Գրեգ Հիսլոփը: Aurora Flight Sciences-ը, որն ստեղծվել է 1989 թվականին, այն ընկերություններից մեկն է, որը Uber-ի հետ գործընկերությամբ աշխատում է թռչող տաքսիների ցանցի ստեղծման վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: