«Ռուսաստանը պետք է գա և վերահսկի՝ մեզ մատկարարված «Իսկանդերը» տեղո՞ւմ է, թե՞ տեղում չէ». Նիկոլ Փաշինյան
«Շատ պրոֆեսիոնալ ղումարբազներ են լինում, որ ուզում են գլուխ գովալ, ասում են՝ մի մեշոկ ցորեն ունենաս, հատիկ-հատիկ ձեռիցդ կտանեմ»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ հերթական նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը:
Ն. Փաշինյանի խոսքով՝ այս պայմանագրերով և, ընդհանրապես, վերջին 20-25 տարիների ընթացքում Ռուսաստանը հատիկ-հատիկ մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանում է.
«Մենք էլ ասում ենք՝ միջազգային պրակտիկա է, նորմալ է, ընդունված է և այլն: Ինչի՞ մասին է այս համաձայնագիրը. որ Ռուսաստանը պետք է գա և վերահսկի՝ մեզ մատկարարված «Իսկանդերը» տեղո՞ւմ է, թե՞ տեղում չէ, ճի՞շտ նպատակով է օգտագործվել, թե՞ ճիշտ նպատակով չի օգտագործվել: Սա վերահսկողության մի մեխանիզմ է, որը նշանակում է՝ այդ «Իսկանդերն» օգտագործելիս պետք է ճշտես՝ « հա՞» կասեն, թե՞ «չէ» կասեն: Մենք այսօր ոչ մի ապացույց չստացանք, որ Ռուսաստանն այսպիսի պայմանագիր ունի Ադրբեջանի հետ, որ գնում վերահսկում է՝ Ադրբեջանը քանի «Սմերչ» է Հայաստանի կամ Ղարաբաղի վրա բաց թողել»:
Ն. Փաշինյանն ուզում էր ցիտել Արտաշես Գեղամյանի երեկվա խոսքերը, բայց Ա. Գեղամյանը, լսելով իր անունը, սկսեց բղավել: Դա չկանգնեցրեց Ն. Փաշինյանին, նա շարունակեց.
«Արտաշես Գեղամյանն ասում է՝ Արաքսն անցնենք, մտնենք Մուշ, Արդահան… Պարոն Գեղամյան, այդ ՀՅԴ-ի հռետորիկան է, դրա հետ ի՞նչ գործ ունեք, Դուք խոսեք լենինիզմի մասին, Մուշի, Արդահանի, Արաքսի հետ ի՞նչ գործ ունեք: Մեկ ուրիշ ՀՀԿ-ական էլ ասում է՝ էդ ի՞նչ եք խոսում, ձեզ թվում է՝ թուրքերը նո՞ւյնն են… Ո՞վ է այստեղ թուրքերի մասին խոսել, մենք ասում ենք, որ բոլորն են նույնը, մենք ասում ենք՝ ոչ մեկ էլ չի փոխվել: Պատմության դասեր եք տալիս, գնացեք պատմություն ինքներդ սովորեք, թե այդ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ հողեր էին վերցնում թուրքերից, ի՞նչ էին ասում՝ «հայերին հանեք ըտեղից, կազմակներին կբերենք, կբնակեցնենք»: Տե՞նց ա եղել, թե՞ տենց չի եղել, եթե տենց չի եղել, գրքեր կտամ, կկարդաք, մի քիչ թող ձեր կրթական ցենզը բարձրանա»: