«Գյումրիում բնակարանային խնդիրների հետ կապված լուրջ խնդիրներ կան». Լոքյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հետաքրքրվեց Գյումրու վթարային շենքերի ճակատագրից:
«Շիրակի մարզում հաշվառված է 118 3-րդ աստիճանի վթարային շենքեր, որոնցից 88-ը գտնվում են Գյումրիում, որտեղ բնակվում են 1920 ընտանիքներ: Մարդիկ սովորել են ապրել փլուզումների մեջ: Ի՞նչ լուծում է ստանալու այս հարցը»,- հարցրեց Վ. Գրիգորյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Գյումրիում բնակարանային խնդիրների հետ կապված լուրջ խնդիրներ կան: Նրա խոսքով՝ կան ոչ միայն 3-րդ աստիճանի վթարային շենքեր, այլև 4-րդ աստիճանի. «Նաև Գյումրի քաղաքում ունենք 456 բնակարան՝ «Լինսի» հիմնադրամով կառուցված և այլ բարձրակարգ չափանիշերով կառուցված բնակարաներ, որոնք առ այսօր սեփականատեր չունեն: Մյուս տարի մենք այդ բնակարանները տեղափոխելու ենք համայնքային սեփականության, քանի որ ուղիղ 10 տարուց ավելի է, մենք չենք կարողանում այդ բնակարանային սեփականատերերին ստիպել իրենց սեփականության իրավունքը գրանցել, ենթադրում ենք, որ չկան այդ մարդիկ:
3-րդ աստիճանի վթարայնության շենքեր մենք հանրապետությունում շատ ունենք: Քաղաքաշինության կոմիտեի կողմից առանձին ծրագիր է կազմված, ու այդ ծրագրի սկիզբը կդրվի այն ժամանակ, երբ պետությունը կունենա այն մինիմալ հնարավորությունները, որպեսզի այդ շենքերի ամրացման կամ նորը կառուցելու խնդիրները լուծի»: