
«Բրյուսելը և Լոնդոնը պատրաստ չեն Brexit-ից հետո ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններին». Յունկեր

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան «դեռեւս պատրաստ չեն բանակցություններ սկսելու ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո ապագա հարաբերությունների շուրջ»: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում: Նրա ելույթը հեռարձակում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Մեզ հարկավոր է նախ համաձայնության հասնել ապահարզանի պայմանների շուրջ, իսկ այնուհետեւ դիտարկել ապագա հարաբերությունները: Մենք դեռեւս անհրաժեշտ զգալի առաջընթացի չենք հասել»,-ասել է նա:
Յունկերի խոսքով՝ մասնավորապես, Բրյուսելը եւ Լոնդոնը պետք է համաձայնության գան ԵՄ-ի Դատարանի դերի. Մեծ Բրիտանիայի ֆինանսական պարտավորությունների եւ Իռլանդիայի հարցի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: