«Երևի Իլհամը չի կատարում համաշխարհային կառավարման ատյանների պահանջը՝ Արցախում պատերազմ սկսելու». Աշոտ Մանուչարյան
«Կարելի է ասել՝ համերգը նոր է սկսվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ արդեն տարիներ շարունակ ինչ-որ բախումներ են, ու թվում է, թե պետք է հանդարտվեր իրավիճակը, բայց հիմա նոր գործոն մտցրեց Քրդստանի հանրաքվեն, ու վիճակը հիշեցնում է այն իրավիճակը, որ ստեղծվեց հայության, հետո նաև՝ Հայաստանի շուրջ 1915 թվականից սկսած:
«Քրդերը պետք է հայերի փորձից ելնելով՝ շատ զգույշ լինեն իրենց գործողությունների մեջ: Պարզ է, քուրդ ժողովուրդը ձգտում է առավելագույն անկախության, բայց գրեթե բացահայտ հայտարարվում է Իսրայելի կողմից, որ այդ Քրդստանը դիտվում է՝ որպես գործիք, որը պետք է սահմանափակի Իրանին, Իրաքին և արաբներին: Այսինքն՝ այս չափազանց ագրեսիվ իրավիճակում գտնվող մի տարածաշրջանում մի ժողովուրդ ձևավորում է մի պետություն, որը պետք է օգտագործվի ուրիշների դեմ՝ հենվելով երրորդ ուժի վրա: Դա կատարվում է մի իրավիճակում, երբ տարածաշրջանում թոհուբոհ է, ու քաոսի տարածումը համաշխարհային ուժերի կողմից դիտվում է՝ որպես հիմնական գործիք: Այս իրավիճակում ձևավորվել է այդ զարմանալի ալյանսը՝ Իրան-Ռուսաստան-Թուրքիա, զարմանալի է այն իմաստով, որ երեքն էլ մեծ հակասություններ ունեն միմյանց մեջ: Այդ ալյանսը պայմանավորված է մեկ բանով՝ Թուրքիայի և Իրանի ամբողջականությանը սպառնում է մեծ վտանգ, կարող են փլուզվել՝ որպես պետություններ, իսկ այդ փլուզումը և տարածաշրջանի քաոտիկ զարգացումը մեծագույն վտանգ է Ռուսաստանի համար: Դրա համար առաջացել է այս ալյանսը, որը փորձում է տարածաշրջանում քաոս թույլ չտա: Քրդստանն այդ բոլորի կողմից դիտվում է՝ որպես հավանական այդպիսի գործոն»,- նշեց Ա. Մանուչարյանը:
Նա նշեց, որ Արցախը միշտ եղել է համաշխարհային օգտագործման գործիք: Ա. Մանուչարյանի խոսքով՝ արցախյան խնդիրն առաջացել է Ղարաբաղից դուրս, և այն կարելի է համարել սումգայիթյան, Բաքվի, Արցախը՝ վերջում.
«Այսօր պետք է իմանանք մի բան, որ այս տարածքում հրահրվում է պատերազմ: Ինչպես գիտեք, Իլհամ Ալիևին սկսեցին մեղադրել, որ փող է գողանում, լվանում է փողերը, բոլոր եվրոպական գործիչներին գնել է, և այլն: Պարզվում է՝ Իլհամը Եվրոպայի կեսը գնել է: Ինչո՞ւ այս ամենը նոր հրապարակվեց: Երևի Իլհամը չի կատարում համաշխարհային կառավարման ատյանների պահանջը՝ Արցախում պատերազմ սկսելու, որովհետև եռյակը՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա, պահանջում է պատերազմ չսկսել: Ինչի՞ են ուզում պատերազմ սկսել, որովհետև Արցախյան պատերազմն այդ եռյակը քանդելու ամենահեշտ ձևն է»:
Ա. Մանուչարյանի խոսքով՝ մի կողմից՝ կարգավորման խնդիրը կտրուկ բարդացել է այն իմաստով, որ այն համաշխարհային կառավարման գործիքի է վերածվել, մյուս կողմից՝ մեզ համար ինչ-որ իմաստով բարենպաստ վիճակ է ստեղծվել, որովհետև ամենաազդեցիկ ուժերը տարածաշրջանում շահագրգռված են, որ այստեղ լինի խաղաղություն: