«Հայաստանի քաղաքական գինը բավականին մեծանալու է և՛ Թուրքիայի, և՛ Էրբիլի համար». Ստեփան Սաֆարյան

«Քրդական խնդրի նկատմամբ հայկական վերաբերմունքն իսկապես կարևոր խնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նա ասաց, որ ինքն առարկություն չունի, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնական մակարդակով ողջունեց կամարտահայտության իրականացումը.

«Ստեփանակերտի տեսանկյունից սա միջազգային հարաբերություններում ինչ-որ ձևով երևալու հնարավորություն էր, և ես կարծում եմ, որ քայլը ճիշտ էր: Այլ խնդիր է Հայաստանի կողմից այն ճանաչելը, որն իսկապես ոչ միայն հնարավորություններ է բացում, այլև մարտահրավերներ է բերում: Ի վերջո, Հայաստանի հարաբերություններն Իրաքի հետ բավականին նորմալ են, և Քրդական պետության ճանաչումը վտանգելու է այդ հարաբերությունները՝ դրանից բխող այլ հետևանքներով նույնպես»:

Ս. Սաֆարյանի խոսքով՝ շատ ավելի կարևոր է այն, որ Հայաստանի քաղաքական գինը բավականին մեծանալու է և՛ Թուրքիայի, և՛ Էրբիլի համար.

«Հետևաբար՝ Հայաստանը կարող է էլ ավելի բարձրացնել իր դիրքորոշման գինը, որովհետև մի կողմից, կարծես, Հայաստանը և Արցախը դառնում են Քրդական ինքնավարության դաշնակիցը, բայց,  այնուամենայնիվ, կարծում եմ՝ այս զարգացումները, հատկապես այն կոնտեքստում, որ ՄԱԿ-ի Ասամբլեայի ամբիոնից Սերժ Սարգսյանը բարձրացրել է հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ համարելու մտադրության մասին, հետաքրքիր եռանկյունի են ստեղծելու Երևան-Էրբիլ-Անկարա ուղղություններով, և Հայաստանը պետք է կարողանա ոչ միայն բարձրացնել իր գինը կողմերից որևէ մեկի համար, այլև փորձի լուծել բավականին խոշոր խնդիր իր համար, կլինի դա հայ-թուրքական սահմանի բացումը, Հայաստանի ապաշրջափակման վերացումը, թուրք-ադրբեջանական տանդեմի ճեղքումը, թե որևէ այլ բան, համենայն դեպս, այս զարգացումները և Հայաստանի կարևորությունը նման հնարավորություններ ստեղծում են»:

Տեսանյութեր

Լրահոս