Բաժիններ՝

«Մեդիագրագիտություն սերմանելը հասարակության տեղեկատվական իմունիտետի ամրացման գործուն միջոցներից է». Արամ Անանյան

Տեղեկատվական ինքնիշխանությունը ազգային- պետական լրատվական քաղաքականություն իրականացնելու պետության բացառիկ իրավունքն է։ «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման խնդիրները» թեմայով միջխորհրդարանական լսումների շրջանակում անդրադառնալով տեղեկատվական ինքնիշխանության հիմնահարցերին՝ սեպտեմբերի 30-ին նման դիտարկում կատարեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Այս եզրույթը, լինելով հարաբերականորեն նոր, տարբեր սահմանումներ ունի, սակայն ժամանակակից հասարակագիտությունը դեռևս չի տվել այդ հասկացության միասնական բնութագիրը։ 21-րդ դարասկզբի հասարակական ու քաղաքական մտքի հիմնական առանձնահատկությունն այն է, որ, հաճախ, ժամանակակից աշխարհի առջև ծառացող մարտահրավերները մնում են անպատասխան։ Աշխարհը գտնվում է նորանոր խնդիրների լուծումների փնտրտուքում, ինչը բազմաթիվ մտածողների հիմք է տալիս ներկան համարել անորոշությունների ժամանակաշրջան։ 2016թ․ ձևակերպվեց ժամանակակից աշխարհի զարգացման սցենարներից մեկը, որն անվանվեց 4-րդ արդյունաբերական հեղափոխություն՝ քաղաքակրթության տեղաշարժ դեպի նոր, տեխնոլոգիական հեղափոխություն, որը արմատապես փոխելու է մարդկության կյանքի ընթացքը, և այդ փոփոխությունը օտար կլինի այն փորձառությանը, որ մարդը կուտակել է հազարամյակներ շարունակ»,- իր՝ «Պետական լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակությունների տեղեկատվական ինքնիշխանության ապահովման գործում» խորագրով զեկույցը ներկայացնելիս ասաց լրատվական գործակալության տնօրենը:

Նրա հավաստմամբ՝ այդ նոր աշխարհի ձևավորման թատերաբեմը լինելու է հենց տեղեկատվական միջավայրը, հետևաբար զանգվածային լրատվության միջոցները հայտնվելու են այդ շրջապտույտի կիզակետում։

«Ինտերնետն ու սոցիալական հաղորդակցության միջոցներն այսուհետ բացառապես աներևույթ, վիրտուալ իրականության մաս չեն։ Համացանցը ոչ միայն նոր ժամանակների տնտեսության ու հաղորդակցության երկաթգիծն է, այլև մարդու կենսագործունեության զուգահեռ, ու նույնքան կարևոր միջավայր։ Հետևաբար և, շատ շուտով այդ զուգահեռ իրականությունը այսպես թե այնպես որոշակի ներդաշակեցման անհրաժեշտություն է ունենալու։ Այդ մարտահրավերն ու հրամայականն այսօր էլ կա, եթե հաշվի առնենք թե դրա տնտեսական անհրաժեշտությունը, թե մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները՝ սկսած անձնական տվյալների անձեռնմխելիության խախտումից՝ մինչև անհատի կենսագործունեության բազմաթիվ այլ ոլորտներ»,-ասաց Արամ Անանյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս առումով՝ ժամանակակից աշխարհում ընթացող զարգացումները բոլոր պետություններին վաղ թե ուշ նետելու են տեղեկատվական յուրատեսակ ինքնիշխանության դրույթի սահմանման մարտահրավերը:

«Միակ տարբերությունի կլինի այն, որ ինքնիշխանության այդ տեսակը ավելի քիչ է կապված լինելու պետության ինքնիշխանության առկա ատրիբուտների հետ, այն պարզ պատճառով, որ տեխնոլոգիական զարգացման առաջանցի տեմպը մի քանի անգամ գերազանցելու է պետությունների՝ օրենսդրական դաշտ ու կարգավորումներ սահմանելու հնարավորություններն ու կարողությունները»,-ընդգծեց նա:

Զեկույցի շրջանակում «Արմենպրես»-ի տնօրենը անդրադարձ կատարեց «արաբական գարնանը», դրան հաջորդած քաղաքական զարգացումներին, զինված հակամարտություններում պատերազմի հիբրիդային մեթոդների օգտագործմանը, ինչպես նաեւ «կեղծ լուրերի» ֆենոմենին որպես տեղեկատվական ազդեցության մեծ բաղադրիչ պարունակող հասարակական քաղաքական նոր ցնցումների:

«Վերջինն արդեն այնպիսի խնդիր է, որ հնարավոր չէ չնկատելու տալ։ «Կեղծ լուրերն» այլևս ոչ թե անմեղ կատակներ են այլ լուրջ, քաղաքական, տնտեսական ու հոգեբանական հետևանքներ ունեցող երևույթներ։ Ճշմարտության դեմ չմեղանչելու համար, հարկ է նշել, որ տեսաբանների մի մասը գտնում է, թե 20-րդ դարում «կեղծ լուրերի» տեսակարար կշիռը մի քանի անգամ ավել է եղել, քան հիմա։ Տեղեկատվության տարածման ժամանակակից արագություններն ու ընդգրկումը, սակայն, դրանք ավելի հասանելի են դարձնում ընթերցողների շատ ավելի լայն շրջանակի։ Այս առումով, ապագայի հասարակությունները շատ ավելի են ենթակա տեղեկատվական ներթափանցումների ու կարող են խոցելի լինել քարոզչական իմաստով։ Իրավիճակն առավել սուր է արտացոլվում այն երկրներում, որոնք հավատարիմ են ազատ համացանցի արժեքներին։ Ցավոք, մենք հաճախ ականատեսն ենք լինում իրողության, երբ ազատության և ազատ համացանցի պաշտպանության փաստարկված պահանջը ոչ թե և ոչ այնքան ժողովրդավարության տեղեկատվական վահան է, որքան տեղեկատվական սուր՝ սադրանքների կազմակերպման համար»,-ասաց Արամ Անանյանը՝ հավելելով, որ արդի հասարակությունները բախվում են նաև հանրության մեդիագրագիտության խնդրին:

«Համացանցի ու տեղեկատվության դարում մենք պարտավոր ենք սերմանել մեդիագրագիտություն, այնպես ինչպես սովորեցնում ենք Ճանապարհային երթևեկության կանոնները։ Սա հասարակության տեղեկատվական իմունիտետի ամրացման գործուն միջոցներից է»,-նշեց նա:

Արամ Անանյանը մեծապես կարեւորեց վերոհիշյալ մարտահրավերներին դիմակայելու գործում պետության հետ մեկտեղ պետական լրատվամիջոցների ունեցած հստակ դերակատարությունը։

«Ժամանակակից աշխարհը պետական լրատվամիջոցներին տալիս է այդ խնդիրներին արդյունավետ պատասխաններ գտնելու գործիքակազմն ու հնարավորությունը։ Արդի լրատվական աշխարհը խիստ մրցակցային է և այդ միջավայրը փոխում է պետական լրատվամիջոցների դերը՝ դրանք վերածելով ոչ թե քարոզչության գործիքի, այլ պետության իրականացվող քաղաքականությունը տեղեկատվության այլ միջոցների ու հանրության համար հասանելի ու գրավիչ ներկայացնելու պրոֆեսիոնալ աշխատանք իրականացնող կազմակերպության։ «Շշից դուրս եկած ջինը» որսալու և այն ետ տանելու առաքելության մի մասն, այս առումով, պետական լրատվամիջոցներինն է, որոնք առավել պահանջված են դառնում թե՛ հասարակության, թե՛ պետության համար, եթե կարողանում են իրականացվող քաղաքականությունները համակողմանի մեկնելու միջոցով շահել վստահության կապիտալ երկրի ներսում ու սահմաններից դուրս»,- ընդգծեց Արամ Անանյանը՝ ուրախությամբ նշելով, որ Հայաստանի պետական լրատվական գործակալության՝ «Արմենպրես»-ի փորձն այս առումով ուշագրավ է, քանի որ անցած հինգ տարիների ընթացքում գործակալության թիմին հաջողվել է ստեղծել հենց նման փիլիսոփայության վրա խարսխված բովանդակություն՝ արդյունքում ունենալով Հայաստանի Հանրապետության ամենամեծ բաժանորդային ցանցն ու դառնալով երկրի՝ միջազգայնորեն ցիտվող առաջատար գործակալությունը։

Սյուզի Մուրադյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս