Կառավարությունը մտադիր է բարձրացնե՞լ պարտքի շեմը. նախարարը հերքում է
2018թ. բյուջեի նախագծի համաձայն՝ ՀՀ պետական պարտքը հաջորդ տարվա վերջին կազմելու է 7 մլրդ 212 մլն դոլար՝ այս տարվա 6 մլրդ 810 մլն-ի փոխարեն։ Կառավարությունը վստահեցնում է, թե Հայաստանի պետական պարտքի հետ կապված ռիսկեր չկան, ու այն չի գերազանցի թույլատրելի շեմը՝ ՀՆԱ-ի 60%-ը։ Մինչդեռ, 168.am-ի տեղեկություններով, պետական պարտքը ոչ թե մնալու է այդ 60%-ի սահմաններում, այլ այդ շեմն է բարձրացվելու, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա նորանոր միջոցներ ներգրավել։ Ընդ որում՝ այս բարդ գործը «գլուխ բերելու» նպատակով կառավարությանն աջակցում է Արժույթի միջազգային հիմնադրամը։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ պարտքի շեմը բարձրացվելու է։ Ըստ նրա՝ ԱՄՀ-ի հետ աշխատանք տարվում է, մշակվում են հարկաբյուջետային կանոններ, որպեզի միջնաժամկետում պարտքը հետ բերվի «կոմֆորտ զոնայի» մեջ։
«Շեմի բարձրացման որևէ խնդիր չենք դնում։ Նույն 60%-ը պահպանվում է, նույնիսկ առաջարկում ենք նախնական տարբերակով՝ 50%-ից բացի, ավելացնել նաև 40% շեմը, որովհետև այն կանոնները, որ մենք նախագծում ենք, միայն այսօրվա համար չպետք է աշխատեն, 10-20 տարի հետո էլ պետք է աշխատեն, համընդհանուր կանոններ են։ Դա թյուր կարծիք է, որ 60%-ն ուզում ենք բարձրացնել։ Մենք չենք բարձրացնում 60%-ը,- ասաց նախարարը և շարունակեց,- Բայց եթե անձը մրցավազքի մեջ է, բնականաբար, նորմալ քայլելու համեմատ՝ չի կարող իր ջերմությունը 36.6 աստիճան մնալ, մի պահ կարող է 36.8 լինել։ Բայց այնպես չէ, որ այդ մարդը մահամերձ վիճակի մեջ է, կամ 37 աստիճանը մահամերձ վիճակի մեջ է, կամ մահանում է։ Դրա համար, պարզ տնտեսագիտական լեզվով ասած, փորձում ենք դնել աշխատունակ կանոններ»։
Վ.Արամյանի խոսքով՝ եթե պարտքը, օրինակ, հասնի 60%-ի, բայց փոխարժեքը արժեզրկվի, նշանակում է՝ կառավարությունը որևէ նոր պարտք չի վերցնելու, նույնիսկ այն պարագայում, եթե կան անավարտ ենթակառուցվածքային ծրագրեր. «Բայց դա նշանակում է երկրորդ վտանգավոր վարքագիծը՝ պետությունը գայթակղություն է ստեղծում, որ փոխարժեքն արհեստականորեն պահի, որ չանցնի այդ շեմը, որը շատ վտանգավոր բան է։ Չի կարելի նման բան անել։ Երկրների ճգնաժամերը ցույց են տալիս, որ փոխարժեքի արհեստական կարգավորումը հղի է վատ հետևանքներով։ Փոխարժեքն իր ֆունդամենտալներին համարժեք պետք է լողա, հատկապես՝ փոքր տնտեսությունների համար։
Ընդ որում, խոսքն էական արժեզրկման մասին չէ, այլ ընդամենը 3%-ի, ենթադրենք՝ 500 դրամը դառնա 515 դրամ։ Սա փոքր է, բայց եթե պարտքը 60%-ից անցավ, միանգամից աշխատում է կանխարգելիչ արգելակման համակարգ՝ նոր պարտք մի՛ վերցրեք։ Դա նշանակում է՝ բոլոր ծրագրերն ավտոմատ կանգնում են։ Դա պետք չէ։ Բայց մենք պետք է անենք այնպես, որ, եթե նույնիսկ 60%-ից բարձրանանք, հետո տեսանելի լինի, թե ոնց ենք հետագծով ետ բերում։ Իսկ պարտք/ՀՆԱ ցուցանիշը հետագծով 60%-ից էլ ցածր բերելու աշխարհում խելամիտ մի տարբերակ կա՝ բարձր տնտեսական աճ ապահովել»։