
Մեյը և Մերկելը հանդես են եկել Իրանի հետ միջուկային գործարքն ուժի մեջ թողնելու օգտին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համակարծիք են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագիրը պետք է ուժի մեջ թողնել: Այդ մասին ասված է Բրիտանիայի վարչապետի դիվանատան հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 29-ին տարածվել է թվային տեխնոլոգիաների շուրջ Էստոնիայի մայրաքաղաքում ընթացող Եվրամիության՝ գագաթնաժողովի շրջանակներում Մեյի եւ Մերկելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
«Երկու ղեկավարները համաձայնեցին, որ իրանական միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագիրը կարեւոր է տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգության պահպանման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: