Բաժիններ՝

«Ի՞նչ անենք՝ մենք էլ նամակ գրենք Քննչական կոմիտե՝ իրենց քննիչի՞ գործողությունների իրավաչափությունը ստուգենք». Հովհաննես Քոչարյանը՝ մակարոնի պարկը դեպքի վայրից տանելու դեպքի մասին

Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ նաև անդրադարձ կա մամուլում մեծ աղմուկ գտած տեսանյութին, որտեղ մի կին մակարոնի պարկ է տանում դեպքի վայրից:

«Նախաքննության ընթացքում քննության առարկա են դարձել նաև դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը, որոնց համաձայն՝ մի կին դեպքի վայրից վերցրել է թափված մակարոնի պարկերից մեկը և անարգել հեռացել, իսկ դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները որևէ գործողություն չեն ձեռնարկել՝ նշված կնոջ գործողությունները կանխելու, դեպքի վայրի պահպանությունը պատշաճ ապահովելու ուղղությամբ։ Այսօր միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու և խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողները Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանին խնդրեցին մեկնաբանել Քննչական կոմիտեի կողմից Ոստիկանությանը միջնորդագիր ուղարկելը:

Ի պատասխան՝ Հ. Քոչարյանն ասաց. «Իսկ ի՞նչ եք կարծում՝ դեպքի վայրում գտնվող քննիչը դեպքի վայրի պահպանության հարցում որևէ պատասխանատվություն չէ՞ր կրում»:

Հարցին՝ դեպքի վայրի պահպանության օրենսդրական հիմքերը որո՞նք են, Հ. Քոչարյանն այսպես պատասխանեց. «Դեպքի վայրի պահպանության օրենսդրական հիմքեր գոյություն չունեն: Դրանք տարիների ընթացքում հղկված, պրակտիկայում մշակված և գիտության կողմից մշակված պրակտիկ քրեագիտական կանոններ են: Այստեղ մի մեծ մոլորություն կա, որ դեպքի վայրի պատասխանատուն ոստիկաններն են: Ոստիկաններից զատ՝ դեպքի վայրի թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում են քննիչները: Ցանկացած քննիչ դեպքի վայր ժամանելուց հետո պարտավոր է կոորդինացնել աջակցող Ոստիկանության ծառայողների գործողությունները՝ դեպքի վայրի էֆեկտիվ պահպանման նպատակով: Ի՞նչ անենք՝ մենք էլ նամակ գրենք Քննչական կոմիտե՝ իրենց քննիչի՞ գործողությունների իրավաչափությունը ստուգենք»:

Հ. Քոչարյանը նշեց, որ նման միջնորդագրեր Ոստիկանությանը կարող է ուղարկել Երևանի Դատախազությունը, եթե Դատախազությունն ուղարկեր, դա ծառայողական քննություն անցկացնելու առիթ կհանդիսանար. «Քրեական օրենսգրքի 201 հոդվածի ռեժիմով ստացված միջնորդությունները մենք կարող ենք քննել, երբ որևէ քրեական գործի քննությունից հետո հանցավորության ծնող, նպաստող պատճառներ կտեսնի նախաքննական մարմինը, այդպիսի միջնորդագրերը կարող է ուղարկել, և մենք պարտավոր ենք քննարկել, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և մեկ ամսվա ընթացքում նրանց տեղեկացնել այդ մասին: Սա այդ դեպքը չէ»:

ՀՀ ոստիկանության Հասարակայնության ու լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ նշեց, որ մակարոնի պարկը տարած կինը հարևան կառույցի հավաքարարն էր. «Հայտնաբերվել է նաև պարկը, որը պիտանի չի եղել, քանի որ այնտեղ հրշեջներ են աշխատել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս