Իսպանիայի վարչապետը խելահեղություն է որակել անկախության հանրաքվեն Կատալոնիայում
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը խելահեղություն է որակել հոկտեմբերի 1-ին պլանավորված անկախության հանրաքվեն Կատալոնիայում: Այս կարծիքը նա հայտնել է սեպտեմբերի 26-ին Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ բոլորի համար էլ պարզ է, որ հանրաքվեն չի կարող անցկացվել. չկա ընտրական հանձնաժողով, կատալոնական կառավարությունում չկա հատուկ խումբ, որը զբաղվում է հանրաքվեի կազմակերպմամբ, չկան քվեաթերթիկներ, չկան մարդիկ, որոնք աշխատելու են ընտրական տեղամասերում: Դա խելահեղություն է»,- ասել է վարչապետը:
Նա «մեծ սխալ» է համարել միակողմանի որոշումը հանրաքվեի մասին: «Կարծում եմ, որ այս իրավիճակում անհրաժեշտ է վերադառնալ ողջամտությանը և վերջ դնել այս ամբողջ պատմությանը: Միակ բանը, ինչին կբերի այդ հանրաքվեն, պառակտումն է ու լարվածությունը»,- հավելել է Ռախոյը:
Իր հերթին ԱՄՆ-ի նախագահը, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, հանդես է եկել Կատալոնիան Իսպանիայի կազմում պահելու օգտին: «Իսպանիան մեծ երկիր է, և նա պետք է միասնական մնա»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ Իսպանիայի Ֆելիպե Վեցերորդ թագավորը կոչ է արել՝ «երկխոսություն սկսել և լուծել խնդիրները» Կատալոնիայի իշխանությունների կողմից նախատեսված անկախության հանրաքվեի նախաշեմին, որը չի ճանաչում Իսպանիայի կառավարությունը, և որը հակասում է Սահմանադրությանը: «Կարծիքների փոխանակումը նպաստում է խնդիրների լուծումներ գտնելուն»,- հայտարարել է պետության ղեկավարը:
Հարցումների համաձայն, Կատալոնիայի անկախությունը պաշտպանում է ինքնավար հանրակցության 41 տոկոսը, 49 տոկոսը դեմ է արտահայտվում: Ինքնավար հանրակցության կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացման օգտին հանդես է գալիս կատալոնացիների 80 տոկոսը, սակայն նրանց մեծամասնությունը գտնում է, որ քվեարկության անցկացումը պետք է համաձայնեցվի Մադրիդի կենտրոնական իշխանությունների հետ: Քվեարկությունը, որը Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, կատալոնացիների 60 տոկոսի կարծիքով, օրինական չէ և չի կարող իրավական հետեւանքներ ունենալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: