«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյանն ամփոփեց 1 տարվա աշխատանքը
«Մենք կանխատեսում ենք, որ մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ամփոփելով կառավարության գործունեության 1 տարին: Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%: Պարտքի ցուցանիշը, նախարարի խոսքով, թեև 2014-2015 թթ. ճգնաժամային շրջանում 13%-ով ավելացել էր, սակայն միջազգային կառույցները դրանից հետո աջակցում են իրականացվող քաղաքականությանը. «Լավ միտումներ ունենք, և Մուդիսն ու Ֆիտչը գնահատել են, որ այս տարի իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը խելամիտ է, ճիշտ է իրականացվում ըստ ուղղությունների, և պարտքի 13% աճի պայմաններում ռեյտինգները չեն փոփոխվել բացասական ուղղությամբ»:
Վ.Արամյանը կարևորեց միջազգային կապիտալի շուկայում ՀՀ պարտատոմսերում միջազգային ներդրողների ընկալումը, որը դրական է: Նրա կարծիքով` եթե ներդրողները ռիսկեր տեսնեին, ՀՀ պարտատոմսերի տոկոսադրույքների նվազում չէր լինի, այն էլ այն դեպքում, երբ ԱՄՆ-ում տոկոսադրույքները չեն նվազել: Նա նշեց, որ ամսական կտրվածքով ներդրողների հետ աշխատանք են իրականացնում, և հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվում:
Ներքին պարտքի առումով Վ.Արամյանը կարևորեց մակրոտնտեսական կայուն միջավայրը: Հակառակ դեպքում, նախարարի խոսքով, հակազդում կառաջանա, ներդրումների նվազում, սպառողների պահպանողական վարքագիծ կլինի, և դրա համար, որպես ոսկյա կանոն, պետք է կայուն միջավայր.
«Ներքին պարտքի շուկան սահմանում է այն ուղենիշային գները, որի շուրջ գործիքակազմը ձևավորվում է: Այս տարի առաջին անգամ թողարկեցինք 30-տարիանոց պարտատոմսեր, որն աննախադեպ է, ԽՍՀՄ տարածքում նման բան չկա: Սա երկարաժամկետ ներդրումների հնարավորություն կտա»:
Նախարարը նշեց, որ պարտքի կառավարման ոլորտում էական ձեռքբերում կա` նվազեցվել են գործառնական ծախսերը, գործարքները տեղափոխվել են բորսա, էլեկտրոնային հարթակում նաև ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել պարտատոմսեր. «Այս առումով էլ տարածաշրջանում լիդեր ենք»:
Կենտրոնական բանկի և «Նասդաք ՕԷՄԷՔՍ»-ի հետ աշխատանքի շնորհիվ 2015 թ. համեմատ այս տարի տոկոսադրույքների էական նվազում կա, այժմ տոկոսադրույքը 3.5%-ային կետ է:
Անդրադառնալով եվրոպարտատոմսերին՝ նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը դրանք թողարկել է 2013 և 2015 թթ., այսօր այդ թղթերի եկամտաբերությունը շուրջ 4.45-4.50% է. «Կապիտալի միջազգային շուկայում մեր թղթերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է»:
Վ.Արամյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են 2 փուլով իրականացնել գույքահարկի ռեֆորմը` նախ անշարժ գույքի գները մոտարկելու են շուկայականին, երկրորդ` դրանք գրեթե նույնականացնելու են, նաև սահմանելու են շեմ, որից բարձր արժեք ունեցող գույքի նկատմամբ կկիրառվի առավել բարձր հարկում. «Գլխավոր մեխը` գույքահարկի ոլորտում մենք մի կողմից փորձելու ենք լուծել պարապուրդում գտնվող գույքի հարցը, որոնք պոտենցիալ աճ կարող են ապահովել, բայց պարապուրդում են գտնվում: Ֆիզիկական անձանց մասով թեստավորելու ենք մոտեցումը բարձրարժեք գույքի նկատմամբ և այլն: Այնպես չպետք է լինի, որ միջին և ցածր եկամուտ ունեցող խավը հարկային բեռի կտրուկ աճ ունենա: Իրականում դա պետք է վերաբերի բարձրարժեք գույքերի սեփականատերերին»:
Վ.Արամյանը նաև հայտնեց, որ առաջիկայում բյուջեի ոչ միայն ծախսային, այլև եկամտային մասը հասանելի է լինելու համացանցում, որպեսզի հանրությունը կարողանա ամբողջական պատկերացում կազմել: