Մտահոգիչ ցուցանիշների ժամանակը

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը 3 օր առաջ հրապարակեց 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ տնտեսական ակտիվությունն այս տարվա առաջին 8 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5.5%-ով։

Թվում է՝ վատ ցուցանիշ չէ՝ հատկապես այս տարվա համար ի սկզբանե կանխատեսվող 3.2% տնտեսական աճի ֆոնին։ Սակայն մտահոգիչ տարրեր, այնուամենայնիվ, կան. աճի տեմպը թուլացել է։ Մասնավորապես, հունվար-հուլիսին տնտեսական ակտիվությունն աճել էր 6.2%-ով, իսկ հունվար-օգոստոսին՝ նվազել է 0.7 տոկոսային կետով։

Իսկ երբ համեմատում ենք այս տարվա օգոստոսը՝ նախորդ տարվա օգոստոսի հետ, ապա աճն ավելի թույլ է՝ ընդամենը 2.4%։

Թե՛ այս 5.5%-ը՝ ժամանակահատվածի կտրվածքով, թե՛ 2.4%-ը՝ ամսվա կտրվածքով, այս տարվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշներն են (գծապատկերում հոծ գծով ներկայացված տնտեսական ակտիվության աճը՝ ժամանակահատվածի կտրվածքով, կետագծով՝ ամսվա կտրվածքով)։

Սակայն ցուցանիշերն ավելի մտահոգիչ են դառնում՝ հատկապես, երբ դիտարկում ենք նախորդ տարվա ֆոնին։ Բանն այն է, որ 2016 թվականի հուլիսից սկսած տնտեսությունը սկսել էր անկում ապրել։ Մասնավորապես, 2016 թվականի հուլիսին՝ 2015-ի հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվությունը նվազեց 4.6%-ով, օգոստոսին՝ 1.5%-ին, իսկ հետագա ամիսներին անկումն ավելի խորացավ։

Այսինքն, օգոստոսին տնտեսական ցուցանիշներն արդեն վատն էին։ Իսկ դա նշանակում է, որ այս տարվա օգոստոսին ցուցանիշները պետք է շատ ավելի բարվոք լինեին՝ վատի հետ համեմատության մեջ։ Սակայն եղավ հակառակը. տնտեսական ակտիվության աճի տեմպը, ինչպես նշեցինք, թուլացավ։

Ինչո՞ւ։ Պաշտոնական վիճակագրության բացվածքից երևում է, որ ՏԱՑ-ի վատացման հիմնական մեղավորը երկու ոլորտներ են՝ շինարարությունը և, հատկապես՝ գյուղատնտեսությունը։ Գյուղոլորտը 2017 թվականի հունվար-օգոստոսին տվել է շուրջ 460 մլրդ դրամի արտադրանք, ինչը 9.4%-ով զիջում է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ Իսկ ամսական կտրվածքով՝ օգոստոսը օգոստոսի հետ համեմատելու դեպքում, անկումը շատ ավելի խորն է՝ 25%։

Բնական է, որ սա չէր կարող դուր գալ կառավարությանը։ Դրա համար էլ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության երեկվա նիստում, նախքան օրակարգային հարցերին անցնելը, առաջին հերթին՝ անդրադարձավ շինարարության և հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտին՝ նշելով. «Վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության տեղիք են տալիս, և հետևաբար՝ առկա է անհրաժեշտություն` ապահովելու ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը։ Սա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի և հաշվառելի»։

Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ գյուղատնտեսության մասով պետք է ռեալ հասկանալ թվերը, և խոստացավ, որ «շատ ուշադիր անդրադառնալու են դրան»:

Կասկած չկա, որ ոլորտի պատասխանատուներն օբյեկտիվ գործոնների մի ամբողջ շարք կներկայացնեն, որոնցով պայմանավորված է գյուղատնտեսության անկումը։ Սակայն հարցը սրանով չի ավարտվելու։

Առաջիկայում սպասվում են վիճակագրական կարևոր տվյալների հրապարակումներ։ Նախ, ԱՎԾ-ն դեռ չի հրապարակել 2016 թվականի աղքատության ցուցանիշը. դա, ըստ ամենայնի, կլինի սեպտեմբերի վերջին։ Թեպետ գները պաշտոնական տվյալներով շատ չեն աճել, սակայն չի բացառվում, որ աղքատության մակարդակն ավելի բարձր լինի 2015 թվականի 29.8%-ից (հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի՝ «Առևտուրն անցումային փուլում» (Trade in Transition) զեկույցի համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակը 2015 թ. 22.6 տոկոսի դիմաց 2016 թ. հաշվարկվում է 23.9 տոկոս՝ ըստ գնողունակության համարժեքությամբ ճշգրտված օրական 2.5 դոլար աղքատության գծի)։

Կարեն Կարապետյանը 2016-ի աղքատության մակարդակի համար, մեծ հաշվով, պատասխանատու չէ՝ նա նշանակվել է տարվա վերջին։ Սակայն կա նաև մեկ այլ ցուցանիշ, որին շատերն են անհամբերությամբ սպասում՝ գործազրկության մակարդակը։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել 2-րդ եռամսյակի գործազրկության մակարդակը։

Առաջին եռամսյակի ցուցանիշը 19% էր՝ ավելի բարձր, քան 2016-ի առաջին եռամսյակինը (18.3%)։ Եթե երկրորդ եռամսյակում այս միտումը շարունակվի, ապա գործազրկության աճը շատ տարօրինակ կդիտվի տպավորիչ տնտեսական աճի ֆոնին։ Իհարկե, այս դեպքում նույնպես տնտեսական բլոկի պատասխանատուները հիմնավորումներ կգտնեն, թե ինչու է տնտեսությունն աճում, գործազուրկների թիվը՝ նույնպես։ Սակայն կրկին ավելորդ գլխացավանք է։

Ամեն դեպքում հիշեցնենք, որ կառավարությունն «էն գլխից» իրեն ապահովագրել է՝ հայտարարելով, որ 2017 թվականը լինելու ոչ թե՝ աճի, այլ՝ կայունացման տարի։ Ասել է թե՝ տնտեսական աճը՝ իր դրական էֆեկտներով հանդերձ, հասարակության լայն շերտերի համար շոշափելի կլինի 2018 թվականից։

Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ ըստ մի շարք տնտեսագետների (օրինակ՝ Աուզանի), հասարակությունը տնտեսական աճի ազդեցությունը զգում է, երբ այն գերազանցում է 3%-ը։ Մեզ մոտ, հիշեցնենք, առաջին կիսամյակում տնտեսական աճ է գրանցվել 6%-ի սահմաններում։ Ու եթե անգամ մինչև տարեվերջ այն նվազի մինչև 5.5%, 5% կամ անգամ 4%, հասարակությունը գոնե մի թեթև դա պետք է զգացած լինի՝ առանց վիճակագրական տվյալների օգնության։

Տեսանյութեր

Լրահոս