«2 շրջաններ վերադարձնելու մասին Նալբանդյանի հայտարարությունը պատահական չէր». Ստանիսլավ Տարասով
Հարցազրույց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ
– Պարոն Տարասով, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթների շեշտադրումները տարբեր էին։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պնդում է կարգավիճակի ու անվտանգության երաշխիքների խնդրի առաջնահերթ լուծումը, սակայն, ամեն դեպքում, չի բացառում տարածքների խնդրի քննարկումը, եթե կարգավիճակի հարցը լուծվի: Իսկ Ալիևը փորձեց վերահաստատել «պատերազմի իրավունքը»։ Ի՞նչ կարելի է եզրակացնել այս ելույթներից։
– Ամեն ինչ սովորական է, նորմալ։ Կողմերի դիրքորոշումները հայտնի են, որոշ մանրամասներ ավելի վաղ հրապարակվեցին ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի կողմից, որը մարտավարական քայլ էր, և դա կիրառվում է դիվանագիտությունում։ Ալիևի ծայրահեղ հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել, հայտնի չէ, թե ում է ուղղված։ Նա կարող է ապրիելյան պատերազմը ներկայացնել՝ որպես իր հաղթանակ, սակայն բոլորին հայտնի է, որ իրականում այն Ադրբեջանի դիվանագիտական պարտությունն էր։ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները նախատեսում են մոնիտորինգի ընդլայնում, հրադադարի խախտման մեխանիզմների ներդրում, նաև ապրիլյան պատերազմից հետո ամերիկացիներն Ադրբեջանին ազդակ ուղղեցին, որ նման իրադրության կրկնության դեպքում իրենք կարող են ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Եվ եթե Ալիևը ցանկանում է, որ ճանաչեն Ղարաբաղի անկախությունը, Աստծո սիրուն, թող նորից պատերազմ սկսի։
– Համամի՞տ եք, որ Ալիևը՝ դժգոհելով, որ Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերն անհապաղ դուրս բերելու մասին ՄԱԿ ԱԽ բանաձևերը չեն կատարվում, խոստովանեց ամենակարևորը՝ միջազգային հանրության օրակարգում տարածքների վերադարձման խնդիր չկա:
– Իհա՛րկե նման պահանջ չկա։ Ղարաբաղյան հակամարտությունը յուրահատուկ է, այնտեղ նման լուծում հնարավոր չէ։ Առավել ևս, տեսեք, թե այժմ աշխարհում ինչ միտումներ կան, թե ինչ է կատարվում Կատալոնիայում, շատ շուտով սպասվում է Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն, Մերձդնեստրի, Օսիայի, Աբխազիայի օրինակները։ Այդ գործընթացները զարգանում են և շարունակելու են զարգանալ։ Նրան մնում է միայն ճանաչել Ղարաբաղը և լուծել խնդիրը։
– Իսկ Ադրբեջանում հասկանո՞ւմ են, որ պետք է դուրս գալ իրենց որդեգրած ռազմական դիվանագիտության ուղուց։
– Հասկանո՞ւմ եք՝ հարցն ինչն է, Ադրբեջանն իրեն շատ տարօրինակ է պահում։ Եթե նա իսկապես ցանկանար Ղարաբղաղը վերադարձնել իր վերահսկողության դաշտ, ապա լիովին այլ տեղեկատվական քաղաքականություն և լիովին այլ դիվանագիտություն կվարեր։ Առայժմ Բաքուն իրեն ուղղակի սադրիչի նման է պահում։
Նրան պետք է Ղարաբաղը՝ առանց հայերի, սակայն դա նրան ոչ ոք թույլ չի տա։ Որովհետև, եթե նա անգամ Ղարաբաղում ներկայումս բնակվող հայերին համարեր իր երկրի քաղաքացիներ, ապա պետք է իրեն բոլորովին այլ կերպ պահեր, իսկ Բաքուն իրեն միայն ագրեսիվ ու սադրիչ կերպով է պահում։ Եվ ինչպիսի վերաբերմունք Կիևն է դրսևորում Դոնեցկի ու Լուգանսկի հանդեպ, այնպես էլ Ադրբեջանն է վերաբերվում Ստեփանակերտի հանդեպ։ Կիևը պարտվել և կորցրել է Ղրիմը, հարավ-արևելյան շրջանը, և դա գործընթացի միայն սկիզբն է, ու պարզ չէ՝ արդյոք Ուկրաինան կմնա՞ որպես պետություն։ Ադրբեջանը, ցավոք, նույն սցենարով է գնում։
– Այսինքն՝ Ադրբեջանը խորացնում է այն փակուղին, որում հայտնվել է ապրիլյան պատերազմից հետո։
– Այո։
– Ալիևը ՄԱԿ Գլխավոր ասամբլեա էր մեկնել իր տիկնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և դստեր հետ։ Վերջինս հոր ելույթի ընթացքում սելֆի էր անում։ Ինչի՞ մասին է խոսում այս փաստը, ինչո՞ւ էր Ալիևը Գլխավոր ասամբլեա ներկայացել ընտանյոք հանդերձ։
– Կարծում եմ՝ ավելի կարևոր հանգամանք կա. Սերժ Սարգսյանը Գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցավ մայրենի լեզվով՝ հայերենով։ Նա ցույց տվեց, որ ինքը մի պետության ներկայացուցիչն է, որը հնագույն պատմություն ու հնագույն լեզու ունի, իսկ Ալիևը ելույթ ունեցավ անգլերեն՝ հրաժարվելով մայրենի լեզվից։ Իսկ աղջկա ու կնոջ հետ այցը զբոսաշրջային էքսկուրսիայի շարքին պետք է դասել։
– ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ Բաքուն և ԵՄ-ն մինչև տարեվերջ չեն ստորագրի ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը, թեև մտադրություն կար այն ստորագրել նոյեմբերին։ ԵՄ-ն ի՞նչ նոր պայմաններ է դրել Ալիևի առջև, ինչո՞ւ էր պայմանագիրն ընդունելի մինչ այժմ, և ի՞նչ է փոխվել Նյու Յորքում Ալիևի ելույթից հետո։
– Այո, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մամեդգուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրումը հետաձգվում է, ինչ-որ բան այնպես չի ընթացել։ Իսկ ի՞նչ խնդիր է առաջացել։ Հարցն այն է, որ, ինչպես և Հայաստանի դեպքում, Ադրբեջան-ԵՄ պայմանագրի բովանդակությունը հայտնի չէ, գաղտնի է պահվում։ Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ Եվրոպական միությունն այդ պայմանագրի քաղաքական նախաբանում հրաժարվել է դրույթ ներառել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, և դրա պատճառով Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել ողջ փաստաթուղթը։ Ադրբեջանը պնդում է, որ քաղաքական նախաբանում այդ դրույթն անպայման ներառվի։ Ի դեպ, հենց նույն պատճառով Ադրբեջանը հրաժարվել էր ստորագրել Արևելյան գործընկերության փաստաթուղթը։ Այսինքն՝ Եվրոպան չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա է խնդիրը։ Կոսովոյից հետո միջազգային իրավունքի 2 նորմ կա՝ ինքնորոշման իրավունք և պետության տարածքային ամբողջականության իրավունք։ Իսկ ԵՄ-ն առաջնահերթ է համարում ինքնորոշման իրավունքը։
– Իսկ Ադրբեջանի այս հրաժարումը որևէ կերպ կազդի՞ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային պայմանագրի ստորագրման վրա։
– Ոչ, հայերի համար այդ առումով ոչ մի խոչընդոտ չկա։ Այդ պայմանագիրը նույնը չէ, ինչ Արևելյան գործընկերությանն էր, Ռուսաստանում ոչ մի առարկություն-պահանջ չկա, Հայաստանը միաժամանակ ԵԱՏՄ անդամ է։ Պատահական չէ, որ ՀՀ նախագահն իր ելույթում բարձրացրեց Ցյուրիխյան արձանագրություններից հրաժարվելու հարցը, որը նախատեսում է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացում։ Ընդհանրապես, պետք է ասել, որ հասունացել է ժամանակը հայ-թուրքական սահմանի բացման համար։ Եթե Թուրքիան ակտիվ բանակցում է Մոսկվայի հետ և ցանկանում է ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կնքել, ապա Թուրքիայի համար այժմ Հայաստանն ավելի մեծ կարևորություն է ստանում, քան Ադրբեջանը։ Ահա այդպիսի պարադոքս է։
– Եվ ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը։
– Կարծում եմ՝ այժմ Թուրքիան տարբերակներ է փնտրում Երևանի վրա դուրս գալու, բայց այնպես, որ չխրտնեցնի Բաքվին։
– Իսկ դա հնարավո՞ր է։
– Ոչ, հնարավոր չէ, բայց նրանք պարտադրված կլինեն ինչ-որ բան անել արձանագրությունների հետ։ 2 շրջաններ վերադարձնելու մասին Նալբանդյանի հայտարարությունը պատահական չէր։ Եթե այդ կոնտեքստում դիտարկենք, ապա հնարավոր է՝ վերադառնում ենք այն սցենարին, որի մասին խոսում էին Թուրքիայի նախկին վարչապետն ու ԱԳ նախարարը, որ խնդրում էին Երևանին վերադարձնել 2 շրջան, իսկ փոխարենը՝ խոստանում էին վավերացնել արձանագրությունները։ Հնարավոր է, որ այժմ Թուրքիան խնդրում է Հայաստանին վերադարձնել 2 շրջան, որպեսզի ինքն ազատվի կապանքներից և կարողանա Ադրբեջանին ասել՝ տեսեք, մենք ձեր համար 2 շրջան վերադարձրեցինք, դուք դա էլ չէիք կարողանում։ Եվ դրանից հետո կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես վստահ չեմ այս հարցում, բայց ես նման կասկած ու տպավորություն ունեմ։
– Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ արդեն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, նախատեսված է իր հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Արդյոք բավարա՞ր է այս օրակարգը, և ընդհանրապես ի՞նչ կփոխի այդ հանդիպումը ՄԱԿ ԳԱ-ում Ալիևի ագրեսիվ ելույթից հետո։
– Նախ՝ ես որևէ դրական նախադրյալ չեմ տեսնում։ Նալբանդյանը Մամեդյարովի հետ կրկին հանդիպում է և բանակցում բանակցությունների մասին։ Նրանք չունեն որևէ լուրջ օրակարգ, թեև Մինսկի խումբն ասում է, որ ինչ-որ առաջարկություններ կան։ Երկրորդը՝ եթե անգամ հանդիպեն նախագահները, ինչի՞ մասին են նրանք խոսելու։ Կարելի է ենթադրել, որ նրանք կարող են ըմպել հայկական կոնյակ, խաղալ նարդի, խմել ադրբեջանական թեյ։ Դրան կարելի է հավատալ։ Բայց առայժմ որևէ նախադրյալ չկա բանակցությունների բարենպաստ ելքի առումով։ Բայց խնդիրը դա չէ։ Գլխավորն այն է, որ նրանք բանակցեն, ոչ թե պատերազմեն։