Դոնալդ Թրամփը բարձր հովանավորություն է առաջարկում Սերժ Սարգսյանին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված տարբեր պետությունների ղեկավարների՝ Սերժ Սարգսյանին հղած ուղերձների մի մասը առանձնահատուկ նշանակություն ունեին: Նման շնորհավորանքները ընդհանրապես լինում են երկու տեսակի՝  հերթապահ շնորհավորանքներ, զուտ միջազգային արարողակարգի պահանջները բավարարելու նպատակով, կամ ավելի լուրջ՝ հագեցած քաղաքական բովանդակությամբ եւ մեսիջներով: Հայաստանի ստացած շնորհավորական ուղերձների մեջ գերակշռում էր երկրորդ տեսակը:

Այս առումով, թերեւս, ամենաթույլը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքն էր, որը նախորդ տարվա շնորհավորական տեքստի գրեթե բառացի կրկնությունն էր: Ի տարբերություն ՌԴ նախագահի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը ոչ միայն կրկնությունը չէր նախորդ տարվա ուղերձի, այլեւ աննախադեպ դետալացված բովանդակություն ուներ:

Թրամփի ելույթը, ըստ էության, այս ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպանի տարբեր աղմկոտ հայտարարությունների խտացումն էր: «Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր Սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում:

Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առեւտրային ու ներդրումային կապերը: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին եւ ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես՝ այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը»,- ասված է Դոնալդ Թրամփի ուղերձում:

ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում, ընդ որում՝ որպես լրացում նշվում է ժողովրդարությունն առաջ տանելու, վստահելու եւ թափանցիկ տնտեսության առաջընթացը խթանելու պատրաստակամությունը: ԱՄՆ-ի համար փաստորեն Հայաստանի ժողովրդավարությունը եւ տնտեսության վստահելիությունն ու թափանցիկությունը դեռ խնդիր են:

Եվ դա ամրագրվում է ամենաբարձր մակարդակով, ինչը, ըստ էության, թաքնված շանտաժ եւ սպառնալիք կարելի է համարել՝ ուղղված գործող իշխանություններին: ԱՄՆ-ն հավանություն է տալիս Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելու քայլին: Հայ-ամերիկյան առեւտրաշրջանառությունը մեծացնելու ցանկություն կա, նաեւ՝ ԱՄՆ-ն ցանկանում է ներդրումներ անել Հայաստանում: ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:

Սույն ամրագրումները չափազանց կարեւոր են եւ, ըստ էության, նշան են Հայաստանի հանդեպ հատուկ հետաքրքրության: ԱՄՆ նախագահի մակարդակով Հայաստանի հետ համագործակցության հանդեպ ցուցաբերված այս ուշադրությունը որքան էլ հաճելի թվա, ռուս-ամերիկյան ներկա հարաբերությունների համատեքստում չափազանց վտանգավոր է:

Ինչպես հայտնի է, Հայաստանը նոյեմբերին պատրաստվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրել, եւ մինչեւ այժմ տեղի ունեցող զարգացումները կասկածներ էին հարուցել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները Հայաստանին դրել են ընտրության առջեւ: Այսինքն՝ այդ միջոցառումը դիտվում է ոչ թե զուտ որպես համաձայնագրի ստորագրում, այլ աշխարհաքաղաքական բեւեռի ընտրություն:

Հայաստանն, ինչպես հայտնի է, փորձում է առաջնորդվել «ե՛ւ- ե՛ւ»-ի քաղաքականությամբ եւ դաշնակցային հարաբերություններ պահպանելով ՌԴ-ի հետ, նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ լինելով՝ խորացնել համագործակցությունը նաեւ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ: Ահա այս երկու թշնամական բեւեռները, փաստորեն, այնքան էլ չեն ողջունում Հայաստանի այս մոտեցումը, «ե՛ւ- ե՛ւ»-ը դարձնելով «կամ- կամ»: Այսինքն՝ կամ ՀՀ-ն շարունակում է մնալ ՌԴ ազդեցության գոտում, կամ տեղափոխվում է Արեւմուտքի ազդեցության գոտի: Եվ ԱՄՆ նախագահի սույն աննախադեպ մանրակրկիտ ուղերձը պետք է դիտել այս ընտրության համատեքստում: ԱՄՆ-ն, ըստ էության, Հայաստանին «ապահովագրություն» է առաջարկում ՌԴ-ի ազդեցության գոտուց դուրս գալու պարագայում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս