Բաժիններ՝

«Սպասուհու պատմությունը» սերիալը նվաճել է Emmy հեռուստամրցանակը

«Սպասուհու պատմությունը» (The Handmaid’s Tale) սերիալն արժանացել է Emmy մրցանակին գլխավոր կատեգորիայում: Հեղինակավոր պարգեւների հանձնման 69-րդ ամենամյա արարողությունը, որոնք ԱՄՆ-ում հանձնվում են լավագույն հեռուստատեսային աշխատանքների համար, կայացել է սեպտեմբերի 17-ին Microsoft թատրոնում եւ հեռարձակվել է CBS հեռուստաալիքի եթերում։

«Սպասուհու պատմությունը» մրցանակ է նվաճել «Լավագույն դրամատիկական սերիալ» անվանակարգում՝ առաջ անցնելով այնպիսի նախագծերից, ինչպիսիք են «Թղթե տնակը» (House of Cards), «Թագը»(The Crown), «Ավելի լավ է զանգահարեք Սոուլին» (Better Call Saul), «Վայրի Արեւմուտքի աշխարհը» (Westworld), «Շատ տարօրինակ գործեր»(Stranger Things), «Այդ մենք ենք» (This Is Us) սերիալները:

Արդեն երրորդ անգամ անընդմեջ լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Փոխնախագահը (Veep): Այս անվանակարգում այն առաջ է անցել «Ամերիկյան վայ ընտանիք» (Modern Family), «Ատլանտա» (Atlanta), «Սիլիկոնային հովիտ» (Silicon Valley), «Ոչ բոլոր գործերի մեջ ճարտար» (Master of None), «Աննկուն Քիմի Շմիդտը» (Unbreakable Kimmy Schmidt), «Սեւ կատակերգություն»(Black-ish) սերիալներից:

Դրամատիկական սերիալում լավագույն դերասան է դարձել Սթեռլինգ Ք. Բրաունը «Այդ մենք ենք» սերիալում իր աշխատանքի համար: Կատակերգական սերիալում դերասանական անվանակարգում Emmy-ն բաժին է հասել «Ատլանտայում» խաղացած Դոնալդ Գլովերին: «Դրամատիկական սերիալում լագագույն դերասանուհի» կատեգորիայում հաղթել է Էլիզաբեթ Մոսը, որը խաղացել է գլխավոր դերը «Սպասուհու պատմությունում»: Տարվա կին կատակերգական կատարող է ճանաչվել Ջուլյա Լուիս Դրեյֆուսը («Փոխնախագահ»), որը պարգեւն ստանում է վեցերորդ տարին անընդմեջ:

«Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում արձանիկը նվաճել է «Մեծ փոքրիկ սուտը» (Big Little Lies)՝ Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ, որն իր դերի համար մրցանակ է ստացել «Լավագույն դերասանուհի մինի սերիալում» կատեգորիայում: «Կատակերգական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակ է տարել Ալեք Բոլդուինը, որն արձանիկի է արժանացել «Շաբաթ երեկո ուղիղ եթերում» (Saturday Night Live) շոուում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանմանության համար:

Կանանց անվանակարգում պարգեւը բաժին է հասել Քեյթ Մակքինոնին, որը նույն շոուում ծաղրանմանել է Հիլարի Քլինթոնին: 1949 թվականին սահմանված Emmy մրցանակն ԱՄՆ-ում համարվում է «Օսկարի» նամանակը հեռուստատեսային արվեստի բնագավառում: Հաղթողներին հանձվում է թեւավոր կնոջ երեքկիլոգրամանոց արձանիկ, որը մարմնավորում է արվեստի մուսան, որի պարզած ձեռքերին ատոմ է գտնվում: Այն խորհրդանշում է հեռուստատեսության գիտատեխնիկական կողմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս