
Աշխարհում թերսնումից տառապում է ավելի քան 800 մլն մարդ. ՄԱԿ

Մոլորակի՝ թերսնումից տառապող բնակիչների թիվն ավելացել է մինչեւ 815 միլիոն եւ կազմել 11 տոկոս: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի հինգ հումանիտար կազմակերպությունների «Պարենային անվտանգության եւ սնվելու հետ կապված իրավիճակն աշխարհում» զեկույցում, որը սեպտեմբերի 15-ին ներկայացվել է Հռոմում:
Սովի մասշտաբները կրճատվում էին տասը տարվա ընթացքում, բայց այսօր դրա աճը պայմանավորված է զինված հակամարտությունների թվի ավելացմամբ եւ կլիմայի փոփոխությունների հետեւանքներով, նշվում է ընդգրկուն զեկույցում, որը կազմել են ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՖԱՕ), Համաշխարհային պարենային ծրագիրը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
Նրանց զեկույցն առաջին անգամ է գնահատում պարենային անվտանգությունը՝ մինչեւ 2030 թվականը սովի վերացման ՄԱԿ-ի պլանների համատեքստում: «Զեկույցը միանշանակ նախազգուշացնում է, որ մինչեւ 2030 թվականը սովից եւ ոչ լիարժեք սննդից զերծ աշխարհի կառուցումը, դյուրին չի լինելու»,-ասում են դրա կազմողները: