«Պեդրո Ագրամունտն այս ժամանակահատվածում իր ցուցաբերած վարքագծով ապացուցեց մի բան»

Հոկտեմբերի 9-ին մեկնարկող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում անմիջապես օրակարգի հաստատումից և պատվիրակությունների հավատարմագրերի հաստատումից հետո դրվելու է ԵԽ ԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու բանաձևի քվերակությունը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ  այս անգամ բյուրոն սահմանել է հատուկ ընթացակարգ:

«Սա նշանակում է, որ, ի տարբերություն նախորդ անգամների, երբ քննարկվում էր որևէ բանաձև, և բոլոր պատվիրակները կարողանում են գրանցվել և ելույթ ունենալ, այս անգամ նախատեսված չէ: Ելույթի հնարավորություն տրված է բացառապես անվստահության բանաձևի հեղինակին, որը Նորվեգիայի պատվիրակության անդամ Ինգրիդ Սկոն է. նա է առաջինը ստորագրել այդ բանաձևի տակ: Դրանից հետո քաղաքական 5 խմբերի ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց դիրքորոշումը: Դրանից հետո, եթե Պեդրո Ագրամունտը կլինի այնտեղ և ցանկություն կունենա արտահայտել դիրքորոշում, ձայն կտրվի նրան: Անմիջապես հետո դահլիճում անցկացվելու է բաց քվեարկություն և պարզ է լինելու`  ով ինչպես է քվեարկում»,- ասաց Ա.Հովհաննիսյանը:

Ըստ նրա`  քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 102 ձայն, կամ դահլիճում ներկա գտնվողներից ու քվեարկողներից՝ 2/3-րդը:

«Անկեղծ ասած, այդքան մեծ չէ մտահոգությունս, որ կարող է տապալվել այս գործընթացը, բայց ես որևէ բան չեմ կարող բացառել որևէ պարագայում: Պեդրո Ագրամունտն այս ժամանակահատվածում իր ցուցաբերած վարքագծով ապացուցեց մի բան, և սա ոչ թե էմոցիոնալ, լիրկական բան է, այլ իրականում նա ցույց տվեց, որ ինքը բացարձակ չի հարգում որևէ արժեք, այդ թվում`  սեփական ֆրակցիային` ԵԺԿ-ին, որովհետև մենք շատ դժվարությամբ իր բոլոր կողմնակիցների ու ջատագովների խորն ընդդիմության պայմաններում կարողացանք որոշում կայացնել հեռացնել նրան ԵԺԿ-ից, ասել, որ`  ոչ, ԵԺԿ-ն, այդուհանդերձ, պահանջում է, որ նա հրաժարական տա, բայց նա դա չարեց: Հետևաբար`  ասել, որ նա համակերպվել է նաև այս որոշման հետ և չի փորձելու որոշակի քայլեր ձեռնարկել, ես զերծ կմնայի նմանատիպ ձևակերպումից»,- ասաց Ա.Հովհաննիսյանը`  վստահություն հայտնելով, որ ԵԽ-ն իր պատվիրակների մեծամասնությամբ ունի հստակ կամք և ցուցաբերելու է այդ կամքը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս