«Նման սկանդալներից հետո Ադրբեջանը գնում է իրավիճակի սրման». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Ադրբեջանում ցանկացած ներքաղաքական իրավիճակի սրումից հետո տեղի է ունենում որոշակի գործընթաց։

«Նախորդ անգամ, երբ Իլհամ Ալիևը և նրա կլանը հայտնվել էին սկանդալի կենտրոնում, որը կապված էր Պանամայի օֆշորային պատմության հետ, դրանից բառացիորեն օրեր անց տեղի ունեցան ապրիլյան իրադարձությունները։ Պարբերաբար նման սկանդալներից հետո Ադրբեջանը գնում է իրավիճակի սրման։ Բացի իրավիճակի սրումից՝ Ադրբեջանը փորձում է այլ գործոններով մեղմել ընդհանուր իրավիճակը և ներկայացնել, թե իրականում Ադրբեջանում բռնապետություն չկա, Ադրեջանը տոլերանտ պետություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե փողերի լվացման նոր սկանդալից հետո ի՞նչ սպասել Ադրբեջանից, հնարավո՞ր է՝ լինի ապրիլյան սցենարի կրկնություն։ Ի պատասխան՝ քաղաքագետն ասաց, որ, եթե Ադրբեջանն ունենար իրավիճակը լարելու հնարավորություն և վստահ լիներ, որ որոշակի արդյունքներ ունենալու է, ապա անպայման լարելու էր իրավիճակը շփման գծում.

«Բայց Ադրբեջանը տեղյակ է, որ ապրիլյան պատերազմից հետո մենք ավելի պատրաստված ենք, այդ հանկարծակիի բերելու էֆեկտը չի գործելու այլևս, դրա համար այս մեթոդը փոխարինվել է այլ մեթոդով։ Ներքին և միջազգային հանրության աչքին թոզ փչելու համար Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դիմում է նման քայլերի՝ բաց է թողնում, ենթադրենք, Լապշինին կամ ներքաղաքական պրոցեսներում ներգրավված մարդկանց»։

Խոսելով ԵԱՀԿ ՄԽ գործունեության  մասին՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ համանախագահները կարող են ընդամենն առաջարկություններ ներկայացնել, որոնք կողմերը կարող են ընդունել կամ մերժել։ Քաղաքագետն անդրադարձավ նաև ԱՄՆ նախորդ համանախագահ Հոգլանդի հայտարարությանը և նշեց, որ նա հայտնել է ԱՄՆ-ի և ՄԽ համանախագահ մյուս բոլոր պետությունների դիրքորոշումը։

«Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններին և դրանց որոշակի ազդեցությանը ՄԽ գործունեության վրա, ապա ես կարծում եմ, որ ընդհանրապես ամբողջ աշխարհում շատ քիչ պլատֆորմներ կան, որտեղ ԱՄՆ-ը և ՌԴ-ն կարող են միասին աշխատել, դա ԵԱՀԿ ՄԽ-ն է։ Մենք երբևէ չենք տեսել, որ համանախագահ երկրներից մեկը մյուսից տարբեր կարծիք ասի։ Սա չափազանց կարևոր է, որովհետև այս պլատֆորմը ռուս-ամերիկյան հարաբերությունների միակ լուսավոր կետերից մեկն է, որտեղ որոշակի հաջողություն կա»,- պարզաբանեց քաղաքագետը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս